Սպասված հանդիպում Սոֆիայի Առաջնորդանիստ Հայոց ազգային տանը

Մայիսի 15-ին Սոֆիայի հայոց ազգային տանն իսկական տոն էր: Առիթը Սուրբ Աստվածածին եկեղեցու և առաջնորդանիստհայկական տան հիմնադրության 80-ամյակի կապակցությամբ Սոֆիայի համադրիչ խորհրդի կողմից կազմակերպված հանդիպում-ցուցահանդեսն էր, որը մի հարկի տակ էր հավաքել Բուլղարիայի Հայոց թեմի առաջին առաջնորդ Ստեփանոս Արքեպիսկոպոսի անունը կրող «Ստեփանոս Հովակիմյան» դպրոցի շրջանավարտներին ինչպես մայրաքաղաք Սոֆիայից, այնպես էլ երկրի տարբեր շրջաններից: Այս մասին «Հայերն այսօրին» հայտնում են Բուլղարիայի Հայոց թեմի մամլո դիվան:
Տոնախմբությանը ներկա էին Բուլղարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիար Արմեն Սարգսյանը, տիկնոջ և դեսպանատան կազմի հետ, Առաջնորդ Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանը, Սոֆիայի հոգևոր հովիվ Տ. Գուսան քհն. Հատավյանը, նախկին և ներկա եկեղեցական վարչության անդամներ, հասարակական գործիչներ:
Ցուցահանդեսը բացվեց Տերունական աղոթքով և առաջնորդ Հայր Սուրբի ողջույնի շնորհակալական խոսքով: Հայր Իսահակն իր խոսքում նախ շնորհավորեց ներկաներին Սուրբ Հոգեգալուստի և ընտանիքի օրվա տոների առիթով, ապա, շնորհակալություն հայտնելով ներկաներին ու կազմակերպիչներին, կարևորեց եկեղեցու, ազգային տան, ընտանիքի ու պատմություն ունենալու նշանակությունը:
Հանդիպմանը ելույթ ունեցան մի շարք շրջանավարտներ, ի թիվս որոնց և դոկտ. Հռիփսիմե Փաչաջյանը, ովքեր ներկաներինփոխանցեցին իրենց հուշերն ու մտածումները եկեղեցու, դպրոցի և Բուլղարիայում հանրային կյանքի վերաբերյա: Խոսքով հանդեսեկավ դեսպան Արմեն Սարգսյանը՝ կարևորելով Սոֆիայում հայ կյանքի աշխուժացումն ու մանուկների, երիտասարդների ներգրավումը:
Ցուցահանդեսին ներկայացված էին տասնամյակների վաղեմություն ունեցող, ինչպես եկեղեցական իրեր ու պարագաներ, այնպես էլգրքեր, թերթեր/Արմենիա, Մեղու, Փարոս, Ռազմիկ, Բալկանյան մամուլ, Երևան, Զանգ/, պատվոգրեր, Բուլղարիայի վերջին ութսուն տարիների հոգևոր-ազգային կյանքը ներկայացնող նկարներ` թատերախումբ, երգչախումբ, պարախումբ, հայ կյանքի երևելի անձնավորությունների այցերը Սոֆիայի հայ տուն՝ Վազգեն Ա, Գարեգին Ա, Գարեգին Բ Վեհափառ Հայրապետների այցերը, Վիլիամ Սարոյան, Վահրամ Փափազյան, Հրաչյա Ներսիսյան, Արմեն Ջիգարխանյան, Գոհար Գասպարյան, Սիմեոն Բ արքա և շատ ուրիշ վառ անհատականություններ:
Առհասարակ հանդիպումն անցավ բավական գեղեցիկ ու հուզիչ մթնոլորտում, որն ուղեկցվեց գեղարվեստական ծրագրով: