Ամուրի մարզի հայ համայնքը ևս նեցուկ է Արցախին

ՌԴ Ամուրի մարզի Բլագովեշչենսկ քաղաքի տարածաշրջանային բաժանմունքի նախագահ Արթուր Ղազարյանն այս օրերին Հայաստանում է: «Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ նա եկել է համայնքի կողմից կազմակերպված օգնությունը հայ զինվորներին հասցնելու նպատակով:
«Տեղեկանալով Ադրբեջանի կողմից Արցախում հրահրված պատերազմական գործողությունների մասին՝ բոլորս անհանգստացել էինք մեր հայրենակիցների համար և ցանկանում էինք ամեն կերպ սատարել Արցախին»,-ասաց Արթուր Ղազարյանը և հավելեց, որ հավաքված գումարով ԼՂՀ կառավարության հետ քննարկման արդյունքում 2 նիվա, 2 ՈՒԱԶ մակնիշի, 3 շտապ օգնության մեքենաներ, ինչպես նաև 10 էլեկտրաշարժիչ (движок) և 6 լուսային սարքավորումներ են գնել:
Համայնքը բացի նյութական օժանդակությունից նաև բարոյահոգեբանական աջակցություն է ցուցաբերում. շուրջ 200 մարդ է կամավորագրվել, այդ թվում` նաև երիտասարդներ, ովքեր անհրաժեշտության դեպքում Հայաստան կգան՝ լինելու զինվորների, մյուս կամավորների և ազատամարտիկների կողքին:
Խոսելով Սփյուռքում այս օրերին համահայկական համախմբվածության մասին՝ Արթուր Պողոսյանը նկատում է, որ նման հայրենասիրական հզոր ալիքի բարձրացում վերջին շրջանում չի հիշում, թե երբ է տեղի ունեցել, իսկ հայրենիքի խաղաղության և անսասանության համար պայքարն աննախադեպ է համարում: «Այնպես ստացվեց, որ մայիսի 9-ին՝ Շուշիի ազատագրման օրը, Արցախում եմ լինելու, ինչի համար ուրախ եմ և հուսով եմ, որ հաջորդ այցելությանս ժամանակ արդեն ամբողջովին խաղաղ և անվտանգ վիճակում կտեսնեմ Արցախը»,-ընդգծեց Արթուր Պողոսյանը: