«Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի մարմինը շտապօգնության երկու մեքենա է նվիրաբերել Արցախին

«Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը շտապօգնության երկու մեքենա (Ուազ) է նվիրաբերել Լեռնային Ղարաբաղի առողջապահության նախարարությանը:

Այս մասին «Հայերն այսօրին» տեղեկացնում են հիմնադրամից:

«Ֆրանսահայ համայնքը պատրաստ է նեցուկ լինել Արցախին, և այդ նպատակով որոշել ենք հոգալ երկրի առջեւ ծառացած հրատապ խնդիրները: Այս պահին աշխատանքներ ենք տանում մեծ քանակով անհրաժեշտ դեղորայք Արցախ ներմուծելու ուղղությամբ: Նախատեսում ենք նաեւ վերականգնել վնասված ենթակառուցվածքները»,- նշում է Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանը:

Հիշեցնենք, որ «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը եւ Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանն օրերս աշխատանքային այցով եղել են Արցախում՝ ծանոթանալու երկրի առողջապահության ոլորտի առաջնային խնդիրներին: Այցի շրջանակներում հանդիպումներ են ունեցել նաեւ Լեռնային Ղարաբաղի նախագահի եւ վարչապետի հետ:

Ավելի վաղ՝ ապրիլի 4-ին, Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի գրասենյակը հանդես էր եկել հայտարարությամբ՝ ըստ որի 100 000 եվրո է հատկացնում ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի սահմանագծի երկայնքով սանձազերծված ռազմական գործողությունների հետեւանքով ծանր իրավիճակում հայտնված բնակչության կարիքներին:

Scroll Up