Նախագահ Նինիստյոն Ֆինլանդիայի անվերապահ աջակցությունն է հայտնել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը

Մայիսի 3-ին պաշտոնական այցով Հելսինկիում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին ընդունեց Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստյոն:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Էդվարդ Նալբանդյանը Ֆինլանդիայի Նախագահին փոխանցեց ՀՀ Նախագահի բարեմաղթանքներն ու ողջույնները և վերահաստատեց Երևան այցելելու հրավերը։ Նախարար Նալբանդյանը նախագահ Նինիստյոյին ներկայացրեց Հելսինկի այցելության շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածություններն ու ընդգծեց, որ Հայաստանը ցանկանում է առավել խորացնել և ամրապնդել Ֆինլանդիայի հետ բազմաոլորտ փոխգործակցությունը։
Քննարկվեցին մի շարք բնագավառներում համագործակցության ամրապնդման հետ կապված հարցեր, շեշտվեց իրավապայմանագրային դաշտի ընդլայնման անհրաժեշտությունը: Երկուստեք ընդգծվեց տնտեսական ոլորտում համագործակցության զարգացման համար առկա մեծ ներուժը, գործարար կապերի խթանման կարևորությունը: Այս մասին «Հայերն այսօրին» հայտնում են ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից:
Էդվարդ Նալբանդյանը Ֆինլանդիայի Նախագահին ներկայացրեց Ադրբեջանի` Արցախի դեմ սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը և տեղեկացրեց իրադրության կայունացման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի մասին։
Նախագահ Նինիստյոն, Ֆինլանդիայի անվերապահ աջակցությունը հայտնելով ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ջանքերին, ընդգծեց, որ խնդրի լուծմանը պետք է հասնել միայն բանակցային ճանապարհով։
Հանդիպմանն անդրադարձ արվեց Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին։
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին մի շարք հրատապ միջազգային խնդիրների՝ մերձավորարևելյան զարգացումների, դրանց հետևանքով առաջացած միգրացիոն հոսքերի, ուկրաինական ճգնաժամի շուրջ։
Ֆինլանդիայի Նախագահը խնդրեց իր ջերմ ողջույնները փոխանցել Հայաստանի Նախագահին։