Մեկ օրում իսպանական երկու քաղաք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը

Ապրիլի 28-ին Էլդա և Ալակուաս քաղաքների խորհրդի նիստերը ճանաչեցին Արարատ հայկական միության միջնորդագրի հիման վրա Ձախ Միություն կուսակցության կողմից ներկայացրած բանաձևը, որով այս երկու քաղաքները պաշտոնապես ճանաչում են 20-րդ դարի ոճրագուրծությունը` որակելով այն որպես ցեղասպանություն: Այս մասին «Հայերն այսօրին» հայտնում են Արարատ հայկական միությունից:
Այսպիսով, Իսպանիայում արդեն 17 քաղաք ճանաչում են Հայոց ցեղասպանությունը: Էլդայի քաղխորհուրդը կազմող 6 կուսակցություններից 5-ը կողմ են քվեարկել բանաձևին, մեկը` Սիուդադանոս կուսակցությունը` դեմ: Այստեղ նիստին ներկա է գտնվել Էլդայում Արարատ Միության մասնաճյուղի նախագահ Անահիտ Օհանյանը, ով ողջ իսպանահայության անունից իր շնորհակալական խոսքն է ուղղել քաղխորհրդին, հորդորել ` հարցը տեղափոխել այլ ատյաններ
Ալակուասի դեպքում 6 կուսակցություններից 2-ը` Սիուդադանոսն ու Ժողովրդական կուսակցությունը ձեռնպահ են քվեարկել, իսկ ահա մյուս 4 կուսակցությունները` իշխող Սոցիալիստական կուսակցությունը, Կոմպրոմիսը, Պոդեմոսն ու բանաձևի հեղինակ Ձախ Միությունը, կողմ: Ալակուասի քաղխորհրդի նիստին ներկա էին քաղաքի, Մանիսեսի և Միսլատայի հայ համայնքի ներկայացուցիչները` միության նախագահ Արարատ Ղուկասյանի գլխավորությամբ: Վերջինս էլ ողջ հայության անունից շնորհակալություն հայտնեց խորհրդականներին, իսկ ձեռնպահ մնացածներին հայտնելով, որ ցեղասպանությունը չճանաչելը նշանակում է երկրորդ անգամ սպանել և հորդորել այլ ցեղասպանություններ:
Ալակուասի դեպքում, գործընթացին փորձել է միջամտել և խափանել այն Իսպանիայում Թուրքիայի գլխավոր հյուպատոսը, ով հանդիպում է ունեցել քաղաքապետի հետ և հորդորել հետ կանչել բանաձևը: Սակայն Ձախ Միության խոսնակ Կարոլինա Պինոն հաստատակամ է գտնվել որոշման մեջ և ներկայացրել է այն, որն էլ, ինչպես վերը նշվեց, ճանաչվեց խորհրդի կողմից: