Հայոց ցեղասպանության հիշատակի օրը Կրասնոդարում. տեսանյութ

Հայերն այսօր-Կրասնոդարի Ս. Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու բակում հավաքված մարդկանց դեմքին հիշատակի և հարգանքի լրջության հետ այս ապրիլի 24-ին միախառնվել էր նաև մտահոգությունը։ Մտահոգություն, որի մեջ տարրալուծվել էին Արցախի նորօրյա զոհերի ցավը, աշխարհի անհոգ անարդարության շարունակական անտարբերությունը։  Հայկական հարցը այնքան պարզ և թափանցիկ է, որ տասնամյակների արհեստական բարդույթները ոչ մի կերպ չէին կարող մթագնել նրա էությունը, սակայն մեծ շահերի բախման և մարդկային բնատուր դաժանության թնջուկները անընդհատ հեռացնում են նրա ցանկալի լուծման անխուսափելի իրողությունը։ Իրադարձությունների անբնական ընթացքը անընդհատ հորդորում է, որ ուրիշ ճանապարհ չկա միավորվելուց և հզորանալուց բացի, և դարից շատ ու շատ ավելի ձգվող ցեղասպանությանը պետք է վերջ դնել հզոր և անդառնալի հարվածով։

«Վարդանյան»  կենտրոնի կրտսեր և ավագ սաները իրենց ելույթներով փորձում էին հավաքվածներին հասցնել և վարակել հայրենիքին անմնացորդ նվիրվելու իրենց հորդորները։ Առանց հայրենիքի կարոտի և նրա ճակատագրի համար մտահոգության արցունքների հնարավոր չէր լսել ոչ նրանց թոթովախոս ու խրոխտ ելույթները, ոչ էլ Կրասնոդարի երկրամասի կազակների վաստակավոր ատաման Մ. Ս. Տիմչենկոյի հանդիսավոր ճառը։

Մանուկներով շրջապատված սեղանը խորհրդանշում էր Հայ ժողովրդի կյանքի սեղանը, որը  միշտ լիքը կլինի իր հոգու անսպառելի տարողությամբ, իսկ երկինք սլացող փուչիկներն ու աղավնիները՝ մեր ժողովրդի բոլոր անմեղ զոհերի գործի արդարությունն ու հիշատակի հավերժությունը։

Երազիկ Հարությունյան

Scroll Up