Ադրբեջանի արկածախնդրությունը մեծագույն վնաս է հասցրել ԼՂ բանակցային գործընթացին. Նալբանդյան

Ադրբեջանի արկածախնդրությունը մեծագույն վնաս է հասցրել Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացին:

Այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը` Երևանում ՌԴ ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսում: «Ռուսաստանի հետ, եռանախագահող այլ երկրների հետ, փորձում ենք, հաղթահարելով Բաքվի կողմից շարունակաբար ստեղծվող խոչընդոտները, վերահաստատելով և ամրապնդելով 1994, 1995 թթ. համաձայնագրերով հաստատված զինադադարը, համապատասխան պայմաններ ապահովել կարգավորման գործընթացը բնականոն հուն վերադարձնելու համար: Մենք համակարծիք ենք` ուժի կիրառումն անընդունելի է: Բանակցային ճանապարհով կարգավորումն այլընտրանք չունի: Ուժի կիրառման միանշանակ դատապարտումը միջազգային հանրության կողմից հատուկ կարևորություն ունի, որպեսզի Բաքուն պատրանքներ չտածի, որ կարող է ռազմական ճանապարհով հարցեր լուծել»,- հաղորդմամբ` ասաց Նալբանդյանը:

Նախարարը նշեց, որ այցը տեղի է ունենում այնպիսի պայմաններում, երբ շփումների առանցքը ապրիլի սկզբին Ադրբեջանի ագրեսիվ ռազմական գործողությունների հետևանքներն են: Քննարկումների կարևորագույն մասը նախարարները նվիրել են այս հարցերին: Նալբանդյանն ընդգծեց, որ ապրիլի 2-ին Ադրբեջանի հարձակման առաջին վայրկյաններից կապի մեջ է եղել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, շփումները շարունակական բնույթ են կրել:

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ապրիլի 21-22-ը ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով Հայաստանում է: Նրան կընդունի Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Պաշտոնական այցելության շրջանակներում Սերգեյ Լավրովն արդեն այցելել է Ծիծեռնակաբերդ` հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Scroll Up