Հակառակորդի կրակոցից երկու զինծառայող է վիրավորվել

Ապրիլի 17-ի լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը մնացել է նույնը: Առաջնային գծի ողջ երկայնքով հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակի դադարեցման բանավոր պայմանավորվածությունը խախտել է ավելի քան 50 անգամ:
ԼՂՀ ՊԲ-ից հայտնում են, որ հյուսիսարեւելյան (Մարտակերտ) ուղղությամբ կիրառել է նաեւ 82 մմ-ոց ականանետ (3 արկ):
Կրակի դադարեցման բանավոր պայմանավորվածության խախտման արդյունքում արձանագրվել է երկու միջադեպ: Հյուսիսային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից հրազենային վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ, 1991թ. ծնված Էրիկ Բորիսի Մաթեւոսյանը եւ 1996թ. ծնված Ազատ Տիգրանի Բարսամյանը:
Բացի կրակային միջոցների կիրառումից ադրբեջանական կողմը 01:00-ի սահմաններում արեւելյան (Ակնա) ուղղությամբ ձեռնարկել է շուրջ 20 հոգուց բաղկացած դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման փորձ, որը ղարաբաղյան ուժերի կողմից ժամանակին հայտնաբերվել եւ հետ է շպրտվել:
«ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը եւ վերահսկել օպերատիվ իրավիճակը»,-ասված է հաղորդագրությունում: