Armenian Boxing Team. Հայ բռնցքամարտիկները չեն փոխել մարզահագուստը

Թուրքիայի Սամսուն քաղաքում շարունակվում է բռնցքամարտի օլիմպիական վարկանշային մրցաշարը: Չնայած անվտանգության աշխատակիցների զգուշացումներին, այնուամենայնիվ մեր հավաքականի տղաները Սամսունում կրում են Armenian Boxing Team գրությամբ մարզահագուստները և մարզիչների ուղեկցությամբ հենց այդ մարզահագուստներով են մոտենում ռինգին:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հավաքականի մարզիկներից շատերը Թուրքիայում կամ Ադրբեջանում մրցումների մասնակցության փորձ ունեն և նմանատիպ ճնշումները պետք է որ խոչընդոտ չհանդիսանան մեր մարզիկների համար, ովքեր կարողանան շարունակել պայքարը նույն ոգով:

Հիշեցնենք, որ այսօր ռինգ դուրս կգան Հայաստանի 4 ներկայացուցիչներ, որոնցից 3-ը կանցկացնեն իրենց առաջին մենամարտերը: 56 կգ քաշային կարգում Արամ Ավագյանը կմեկնարկի Գերմանիան ներկայացնող Էլ-Հագ Օմարի հետ մենամարտով: 69 կգ քաշային կարգում Վլադիմիր Մարգարյանը առաջին մենամարտում կմրցի Բուլղարիան ներկայացնող Սիմեոն Չամովի հետ: 75 կգ քաշային կարգում Արման Հովհիկյանն իր 2-րդ մենամարտում կմրցի Հունգարիան ներկայացնող Զոլտան Հարչսայի հետ, իսկ 81 կգ քաշային կարգում Նիկոլ Արությունովը կմեկնարկի սլովակ Մատուս Ստրինսկոյի հետ մենամարտով:

 

Scroll Up