ՄԽ համանախագահներ. Տարածքների վերադարձի և Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցերը մեկ ամբողջություն են
Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ջեյմս Ուորլիքը և Պիեռ Անդրիոն, նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկն այսօր Երևանում հանդես են եկել մամուլի ասուլիսով ու ամփոփել տարածաշրջանային քառօրյա այցի արդյունքները: Մինչ Երևան ժամանելը նրանք, հիշեցնենք, եղել էին Բաքվում ու Ստեփանակերտում:
Մեր մանդատը չէր ենթադրում պարզել, թե ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում կողմերից ով է սկսել ռազմական գործողությունները և ով է պատասխանտու՝ armradio.am-ի փոխանցմամբ՝ այսօր Երևանում հայտարարեցին ՄԽ համանախագահները՝ տարածաշրջանային քառօրյա այցի արդյունքներն ամփոփելով:
Իսկ թե որն էր այցի հիմնական խնդիրը, ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովն այսպես բացատրեց: «Մեր հիմնական խնդիրն էր՝ օգնել կողմերին կայունացնել իրավիճակը, նաեւ հասնել նրան, որ ռազմական գործողությունները չկրկնվեն: Մեր մանդատի մեջ չկար որոշել, թե ով է առաջինն սկսվել, ով է պատասխանատու տեղի ունեցածի համար»
Համանախագահների ընդհանուր եզրակացությունն այն է, որ կողմերը մտադիր են կամ առնվազն պատրաստակամ են պահպանել Մոսկվայում ձեռք բերված հրադադարը՝ ասաց Պոպովը և հավելեց, որ գերխնդիրն այս պահին կողմերին բանակցային սեղանի շուրջ բերելն է: Շարունակում են աշխատել այդ ուղղությամբ ՝ ասաց:
Իսկ առաջարկների ինչ փաթեթ են կողմերի հետ քննարկում համանախագահները: Արդյո՞ք կան նոր նախաձեռնություններ, ինչպես ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն էր նշել ու հավաստիացրել, որ կարգավորումը մոտ է: Այսպես կոչված Լավրովի փաստաթուղթ գոյություն չուն ՝ վստահեցրեց Պոպովը։ Սեղանին վերջին տարիներին քննարկվող փաթեթն է՝ ասաց նա: Իհարկե, կան մի քանի տարբերակներ, բայց դրանց հիմքում նույն 3 սկսզբունքներն են ու 6 բաղադրիչները:
Երեք սկզբունքերը հետևյալն են՝ զենքի չկիրառում, ազգերի ինքնորոշում և տարածքային ամբողջականություն:
Ինչ վերաբերում է 6 բաղադրիչներին, ապա դրանցից կարևորները, ըստ Պոպովի, երկուսն են: «Վեց բաղադրիչներից 2 կարևորագույնները տարածքների վերադարձի և Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցերն են: Այս հարցերը պետք է որպես մեկ ամբողոջություն դիտարկել, չի կարելի մեկը մյուսից առաջ դնել»:
Մյուս բաղադրիչները վերաբերում են փախստականների վերադարձի, Հայաստան-Ղարաբաղ միաջնցքի լայնության ու կարգավիճակի որոշման, խաղաղապահների տեղակայման խնդիրներին:
Ինչպես է ՄԽ-ը գնահատում ռազմական գործողությունների ընթացքում քաղաքացիական անձանց դաժան սպանությունների, ահաբեկչական խմբավորումների մասնակցության մասին փաստերը: Ահաբեկիչների մասնակցության հարցը համանախագահները շրջանցեցին, իսկ քաղաքացիական անձանց սպանությունների դաժան փաստերով, ինչպես Ջեյմս Ուորլիքն ասաց՝ մտահոգված են, «Տեսել ենք լուսանկարներն ու տեսանյութերը, որոնք տեղադրված են համացանցում: Հանդիպել ենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ եւ ուղարկել ենք նրանց բոլոր տվյալները՝ ճշտելու համար: Այս հարցը մեր ուշադրության կենտրոնում է»:
ՄԽ-ը պարբերաբար նշել է, որ բանակցությունների ինչ-որ փուլում կողմերին կմիանա կամ բանակցային սեղանի շուրջ վերադառնա նաև Ղարաբաղը: Արդյո՞ք այդ պահը չէ ՝ հարցին այսօր պատասխանեցին, որ այդ պահը տեսնում են շրջանակային համաձայնագրի ստորագրման փուլում, որը կնախորդի խաղաղ կարգավորման համաձայնագրին:
Իսկ արդյո՞ք քննարկում են Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմ վերադառնալու անհնարինությունը: Այդ հարցը այս պահին բանակցությունների առարկա է ՝ ասաց Պոպովը: «Հենց դա է բանակցությունների առարկան այս փուլում»։
Նկատի ունենալով պաշտոնական Անկարայի հայտարարությունները, որոնք փաստում են Թուրքիայի անթաքույց աջակցությունը ադրբեջանական կողմին, արդյո՞ք չի քննարկվում ՄԽ-ում այս երկրի ներկայությունը բացառելու տարբերակը. այս հարցը նույնպես ուղղվեց համանախագահներին: Պատասխանն այսպիսին էր՝ Թուրքիան ԵԱՀԿ Մինսկի խմբի ՝ հրադադարի պահպանման կոչերին իր աջակցությունն է հայտնել, իր ստորագրությունը դրել այդ փաստաթղթի տակ:
«Եթե հիշում եք, մի քանի օր առաջ, երբ մենք Վիեննայում էինք, առաջին անգամ ընդունվեց շատ խիստ հայտարարություն՝ կոչ անելով կողմերին զսպվածության՝ հրադադարի պահպանման, բանակցային գործընթացի ձեռնարկման, համակողմանի կարգավորման և Թուրքիան իր աջակցությունը հայտնեց համանախագահներին: Եկեք հստակ լինենք: Թուրքիան միացավ այս հայտարարությանը, իր ստորագրությունը դրեց հայտարարության տակ»:
Մենք պատրաստ ենք աշխատել ՄԽ բոլոր երկրների, այդ թվում՝ Թուրքիայի հետ՝ ընդգծեց Ուորլիքը՝ հավելելով , որ Մինսկի խմբի ձևաչաձի կամ համանախագահների կազմի փոփոխության հարց այսօր օրակարգում չկա: