Հայկ Սարգսյանը 104-ամյա տատին փրկել է՝ շալակած հանելով արկակոծվող Թալիշից

Սարգսյանների ընտանիքն ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը 3-րդ անգամ էր ստիպված հեռանալ հայրենի Թալիշ գյուղից: 10 հոգանոց ընտանիքը համընդհանուր խառնաշփոթի մեջ 3 տարբեր ուղղություններով հեռացել էր գյուղից, եւ միայն օրեր անց կարողացել միմյանց գտնել Ստեփանակերտում:

«Գյուղում աշխատում էինք, նորմալ ապրում էինք, անասուն էինք պահում, սաղ թողել ենք, եկել Ստեփանակերտ: Շատ դժվար ենք ապրել, երկու անգամ մինչեւ այդ փախել էինք, բայց երբ ամեն ինչ վերջացել էր, նորից վերադարձել էինք գյուղում, մի ձեւ սկսել էինք ապրել: Ասեմ, որ լավ էլ ապրում էինք»,- Արցախի հանրային հեռուստաընկերության թղթակցի հետ զրույցում պատմել է տիկին Անգինը:

Տիկին Անգինն ու ամուսինը՝ Արարատ Սարգսյանը, առաաջին հերթին գյուղից հանել էին թոռներին եւ հարսին, ապա իրենք հեռացել, իսկ 104-ամյա Հայկային պարտադրված թողել գյուղում:

«Դիրքերում էի, իջա գյուղում, ժամը 02:30-ի սահմաններում էր: Մտա տուն, էդ պահին սնարյադն ընկավ ու տան կեսը տարավ: Արագ իջա պադվալ ու տեսա՝ բաբոն մի անկյունում նստած: Արագ շալակել եմ ու դուրս եկել, որտեղ ոտս դնում էի, թշնամին կրակում էր, բայց ես հետ չէի նայում, վազելով տանում էի բաբոյին, հետո հասցրել եմ Մատաղիս, էնտեղից էլ Ստեփանակերտ»,- պատմել է ընտանիքի որդին՝ Հայկ Սարգսյանը:

104-ամյա Հայկի տատն էլ կատարվածի մասին հրաժարվել է խոսել. 4 անգամ պատերազմ տեսած կինն այսօր միայն խաղաղություն է ուզում:

«Մենք կվերադառնանք մեր տները, կսարքենք, կմտնենք մեր տուն: Մենք դա ենք ուզում մենակ: Էլի չարչարվենք, ապրենք, ուրիշ բան չենք ուզում»,- ասել են ընտանիքի անդամները:

Հիշեցնենք, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանի դիվերսիոն հետախուզական խումբը մտել էր Արցախի հյուսիսային՝ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ,  ու մինչեւ Պաշտպանության բանակի կողմից հայտնաբերվելն ու ոչնչացվելը սեփական տանը վայրագաբար սպանել երեք խաղաղ բնակիչների, այդ թվում՝ 92-ամյա մի կնոջ: Տարեց բնակիչները չէին հասցրել դուրս գալ հրթիռակոծվող գյուղից:

Scroll Up