Բելառուսն ուղղումներ է մտցրել Ղարաբաղի հարցով իր դիրքորոշման մեջ

Բելառուսի ԱԳ նախարարությունը փոփոխություններ է մտցրել Լեռնային Ղարաբաղի իրադրության շուրջ իր պաշտոնական դիրքորոշման ձեւակերպման մեջ: «Մեդիամաքս»-ի հետ զրույցում Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Դմիտրի Միրոնչիկը հայտարարել է, որ բելառուսական կողմի առանցքային դիրքորոշումը միջազգային հարաբերություններում ուժի կիրառման կամ ուժի սպառնալիքից խուսափելու մասին կողմերին ուղղված կոչն է, որն արտացոլված է ՄԱԿ-ի Կանոնադրությունում եւ միջազգային-իրավական հեղինակավոր այլ փաստաթղթերում:
«Մենք նախկինի պես վստահ ենք, որ ղարաբաղյան հիմնախնդիրը կարող է լուծվել բացառապես խաղաղ ճանապարհով եւ միայն համընդհանուր ճանաչված սկզբունքներին եւ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան»,- հայտարարել է Միրոնչիկը:
Հարցին, արդյո՞ք պաշտոնական Մինսկը հաշվի կառնի այն մոտեցումները, որոնք հայկական կողմը հնչեցրել է Բելառուսի դեսպանի հետ հանդիպմանը, Դմիտրի Միրոնչիկը նշել է. «Մենք ուշադիր լսեցինք մեր հայ գործընկերներին»:
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին Բելառուսի ԱԳՆ-ն հանդես էր եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված էր. «Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկիր՝ հետեւողականորեն հանդես ենք գալիս հակամարտության խաղաղ լուծման օգտին՝ համընդհանուր ճանաչված սկզբունքներին եւ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, նախ եւ առաջ՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ սահմանների անխախտելիության, ինչպես նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձեւերի եւ ԵԱՀԿ որոշումների վրա»:
Այս հայտարարությունից հետո՝ ապրիլի 3-ին, Հայաստանին ԱԳՆ էր կանչվել մեր երկրում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկը: Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը դեսպանին էր փոխանցել հայկական կողմի խորը տարակուսանքը՝ կապված հայտարարության մի շարք դրույթների հետ: