Առնո Բաբաջանյանի 95-ամյակին նվիրված համերգ Ղազախստանում

Մարտի 30-ին Ղազախստանի Ակտոբե (Ակտյուբինսկ) մարզկենտրոնի ֆիլհարմոնիայի դահլիճում տեղի ունեցավ համերգ՝ նվիրված Առնո Բաբաջանյանի 95-ամյակին: Համերգը, որ կրում էր «Վերադարձ» խորագիրը, կազմակերպվել էր Ղազախստանում Հայաստանի դեսպանության աջակցությամբ: Այս մասին «Հայերն այսօրին» հայտնում են Ղազախստանում ՀՀ դեսպանությունից:
Ակտոբեի ֆիլհարմոնիայի մենակատարների և երաժշտական քոլեջի ուսանողների կատարմամբ հնչեցին մեծ կոմպոզիտորի հանրահայտ երգերը («Իմ Երևան», «Առաջին սիրո երգը», «Ոսկե տանգո», «Վերադարձրու ինձ երաժշտությունը» և այլն), դաշնամուրի («Մեղեդի» «Վաղարշապատի պար» «Հայկական ռապսոդիա», «Էլեգիա Ա. Խաչատրյանի հիշատակին» և այլն), ջութակի («Վոկալիզ»), շեփորի («Հիշողություն») համար գրված ստեղծագործություններ:
Տեղի կամերային նվագախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Ալի Երմեկբաև) և կամերային երգչախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Մերբոլ Կուսպանով) կատարմամբ հնչեցին Բաբաջանյանի «Նոկտյուրնը», ինչպես նաև ուզբեկ երգահան Վ. Սապարովի «Էլեգիա Ա. Բաբաջանյանի հիշատակին» ստեղծագործությունը:
Համերգին առանձնակի փայլով հնչեց Բաբաջանյանի «Հերոսական բալլադը», որի վիրտուոզ և հուզական կատարմամբ հանդես եկավ նրա արվեստի ջատագով, դաշնակահար Գուլդանա Ժոլըմբետովան (ԱՄՆ):
Ակտոբեի ֆիլհարմոնիայի դահլիճը լեփ-լեցուն էր: Ներկաների մեջ շատ էին և Բաբաջանյանի արվեստին ծանոթ ավագ սերնդի մարդիկ, և Բաբաջանյանին այդ երեկո «հայտնաբերած» երիտասարդները:
Հավարտ համերգի Ակտոբեի «Ուրարտու» մշակութային կենտրոնի (նախագահ՝ Հայկ Տերտերյան) հանդիսությունների սրահում տեղի ունեցավ ճոխ ընդունելություն՝ ի պատիվ համերգի մասնակիցների:
Համերգին ներկա էր և ողջույնի խոսքով հանդես եկավ Ղազախստանում Հայաստանի դեսպանության 1-ին քարտուղար Մհեր Բադալյանը: