«Հայաստան» համահայկական հիմնադրամը վերանորոգում է Ստեփանակերտի թիվ 9 դպրոցը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/03/Himnadram.jpg)
ԼՂՀ Ստեփանակերտի թիվ 9 դպրոցի վերանորոգումը` սկսված 2015թ.-ի օգոստոսին, իրականացվում է Հիմնադրամի ԱՄՆ արեւմտյան շրջանի տեղական մարմնի (բարերար Ջերալդ Թուրփանջյան) ֆինանսավորմամբ եւ ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ:
Ինչպես հայտնում է «Հայերն այսօրը»՝ հղում կատարելով Հիմնադրամի մամուլի ծառայությանը, կրթօջախում մեկ հարկի տակ գործում են հանրակրթական, ներառական եւ նախակրթական դպրոցներ: Այստեղ ուսանում է 385 աշակերտ, որոնցից ինը` խոսքի եւ լսողական խանգարումներ, 20-ը հատուկ կարիք ունեցող: 52 երեխա էլ ստանում է նախադպրոցական կրթություն: Մինչ շինարարական աշխատանքներ են ընթանում դպրոցի առաջին եւ երկրորդ մասնաշենքերում, սաները ժամանակավորապես ուսանում են երրորդ մասնաշենքում:
Դպրոցի տնօրեն Արթուր Անտոնյանը մեկնաբանում է. “1974թ-ից այս կողմ շենքը կապիտալ վերանորոգման չէր ենթարկվել եւ գտնվում էր խիստ վթարային վիճակում: Այդ պայմաններում, իհարկե, հնարավոր չէր արդյունավետ իրականացնել ուսումը եւ կազմակերպել դպրոցական միջոցառումներ: Խորապես շնորհակալ ենք մեր բարերարներին եւ Հիմնադրամին այս նախաձեռնության համար: Չնայած նեղվածքին` անում ենք հնարավորը դպրոցական կյանքը բնականոն շարունակելու համար: Օրինակ, ամսվա սկզբին անցկացրեցինք Մայրենիի տոնին նվիրված քաղաքային միջոցառում, ինչի համար նախարարության կողմից արժանացանք պատվոգրի”:
Շենքն ամբողջությամբ ամրացվում է. կատարվում է արտաքին պատերի ներսի եւ դրսի մակերեսների բետոնացում, շարվում են ներքին պատերը, ուժեղացվում են հատակները: Զուգահեռ իրականացվում են գաջի սվաղման աշխատանքներ: Ապամոնտաժվում է 2-րդ մասնաշենքի տանիքը` նորը կառուցելու նպատակով: Սկսվել է նոր կաթսայատան կառուցումը, մարզադահլիճի վերակառուցումը: Աշխատանքներ են տարվում նաեւ բացօթյա սպորտհրապարակի շրջակա տարածքի բարեկարգման ուղղությամբ: