Վրաստանի ԱԳ նախարարը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Երևանում գտնվող Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն մարտի 25-ին այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: «Արﬔնպրես»-ի հաղորդմամբ` Վրաստանի ԱԳ նախարարին ուղեկցում էին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը, Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը:
Դեպի հուշահամալիր բարձրաստիճան հյուրին ուղեկցում էր նաև ՀՀ ԳԱ ակադեﬕայի Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի տնօրենի տեղակալ Սուրեն Մանուկյանը: Նա ներկայացնում էր Հայոց ցեղասպանության և հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Նախարար Միխեիլ Ջանելիձեն ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրին և ծաղիկներ խոնարհեց անմար կրակի մոտ` ﬔկ րոպե լռությամբ արտահայտելով հարգանքը:
Հյուրն այցելեց նաև հուշահամալիրի «Հիշողության պատի» մոտ, որտեղ ամփոփված է Հայոց ցեղասպանության տարիներին հայ ժողովրդին օգնած հայտնի գործիչների գերեզմաններից բերված հող: Հայոց ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ 24 պետություն: Ճանաչման գործընթացը ﬔծ թափ ստացավ 2015թ., երբ աշխարհը ﬕացավ Հայաստանին ու աշխարհասփյուռ հայությանը` հիշատակելու Մեծ եղեռնի 100-րդ տարելիցը: