Թուրքիայում 7-րդ անգամ վերահրատարակվել է Թաներ Աքչամի «Հայկական հարցը լուծված է» գիրքը

Թուրքիայում «Իլեթիշիմ» հրատարակչությունը յոթերորդ անգամ վերահրատարակել է թուրք հայտնի ցեղասպանագետ, պրոֆեսոր Թաներ Աքչամի «Հայկական հարցը լուծված է» գիրքը: Այդ մասին հաղորդում է Akunq.net-ը։
Աղբյուրի համաձայն, Միություն և առաջադիմություն կուսակցությունը, ի պատասխան Բալկանյան պատերազմներից անմիջապես հետո ամբողջ երկրի` նեղ դրության մեջ գտնվելու զգացողությանը, Անատոլիայի հողերը մաքրել է ոչ մուսուլման տարրերից և թուրքացրել նրանց: Այդ քաղաքականության մեջ ամենակարևոր շրջադարձերից մեկը եղել է Առաջին աշխարհամարտը: Քանզի պատերազմը հարմար մթնոլորտ է ստեղծել էթնիկ տարրերի աքսորի և բռնի տեղահանման համար: Հայերի դեմ 1915 թ. լայնորեն կիրառված «տեղահանությունը» թուրքացման քաղաքականության վերջին փուլն էր:
Թաներ Աքչամը սույն ուսումնասիրության մեջ, որը պատրաստել է` օսմանյան փաստաթղթերի վրա հիմնվելով, կենտրոնանում է այն հարցի վրա, թե ինչեր են այդ մասին պատմում առաջնային աղբյուրները: Հեղինակը ներկայացնում է Թալեաթ փաշայի անընդմեջ վերահսկողության տակ և հրահանգներով տեղի ունեցած դեպքերը, եւ թե ինչու են դեպի Անատոլիայի տարբեր շրջաններ «տեղահանվել» հայերը: Գրքում նշված է նաև Թալեաթ փաշայի հեռագրերից մեկում տեղ գտած այն արտահայտությունը, թե «Հայկական հարցը լուծված է: Կարիք չկա ժողովրդի և կառավարության անունն արատավորել զուլումների մասին անտեղի լուրերով»: