Համահայկական կազմակերպությունները՝ ի նպաստ Մարտունի գյուղի
2016 թ. մարտի 4-ին նշված 6 կազմակերպությունների ներկայացուցիչները և նրանց գործընկերները (Կրթություն Հայաստան, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կլոր սեղանի Հայաստանի գրասենյակ) հերթական այցը կատարեցին Մարտունի՝ ամփոփելու և գնահատելու նախորդ տարվա ընթացքում կատարված աշխատանքները: Այցը սկսվեց կազմակերպությունների աշխատանքային հանդիպումով` քննարկելու օրակարգային հարցերը և առաջիկա անելիքները:
Գեղարքունիքի մարզպետարանի ներկայացուցչի հետ շրջայց կատարվեց համայնքում՝ ծանոթանալու կատարված աշխատանքներին և գնահատելու արդյունքները:
Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) ֆինանսավորմամբ բացվեց Մարտունու համայնքապետարանում վերանորոգված բուժկետը: Հիմնադրամը տրամադրել է վերանորոգման համար անհրաժեշտ նյութերը, Ճամբարակի առողջության կենտրոնի հետ միասին վերահսկել է վերանորոգման աշխատանքները, որոնք իրականացրել է Մարտունու գյուղապետարանը: Բուժկետը հնարավորություն կտա Հիմնադրամի և Ճամբարակից պարբերաբար այցելող բժիշկներին, ինչպես նաև հրավիրված նեղ մասնագետներին հենց Մարտունիում կատարել հիվանդների զննում և ցուցաբերել բուժօգնություն:
Տեղի ունեցավ հանդիպում Վորլդ Վիժն Հայաստանի նախաձեռնությամբ համայնքում և դպրոցում ստեղծված ՍՔԱՅ երիտասարդական ակումբի, ինժեներական (ռոբոտաշինություն) և բանավեճի ակումբների անդամների հետ, ովքեր ներկայացրին մինչ օրս իրենց նախաձեռնած ծրագրերն ու առաջիկա անելիքները:
Կազմակերպությունները ծանոթացան ՇԵՆ, ԱՀԱԸ և ԳԾԻԳ կազմակերպությունների ջանքերով ստեղծվածՄարտունի համայնքի արոտօգտագործողների միավորում սպառողական կոոպերատիվի կարողությունների հզորացմանն ուղղված ծրագրին, ինչը հստակորեն իրագործվում է: Կոոպերատիվի անդամները համայնքի անունից շնորհակալություն հայտնեցին կազմակերպություններին, մասնավորապես՝ ԱՀԱԸ –ին, գյուղին 2 տրակտորտրամադրելու համար: Լուսաբանվեց նաև ՇԵՆ–ի օգնությամբ բացված Մարտունու կայք–էջը. www.martunigyugh.am, որը ներկայացնում է գյուղի պատմությունը, արդի վիճակը և նախատեսվող ծրագրերը:
ՀՕՖ–ը Մարտունու դպրոցի ավագ դասարանցիներին ներկայացրեց կազմակերպության կրթավճարների ծրագիրը և կրթավճարներին դիմելու ընթացակարգը՝ վերջիններիս հնարավորություն տալով դիմել ծրագրին և ստանալ ֆինանասական աջակցություն՝ բուհերում սովորելու համար:
«Զարգացման Սկզբունքներ»-ը համայնքում 13 ընտանիքի տրամադրել է հղի կովեր (ընտրված 10 ընտանիքի փոխարեն, գնումների ճիշտ կազմակերպման շնորհիվ) ։ Բոլոր նոր ընտանիքների համար լրացվել են կարիքների գնահատման թերթիկներ։ Կով ստացած ընտանիքները պարտավորվում են 3 տարի հետո փոխանցել հղի երինջ նույն համայնքի մեկ այլ կարիքավոր ընտանիքի:
Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության (ԱՀԱԸ Հայաստան) ֆինանսավորմամբ Մարտունու դպրոցում երկամյա ծրագրով իր բազմակողմանի նպաստն է բերում «Կրթություն Հայաստան»-ի՝ հատուկ վերապատրաստումանցած ուսուցիչը: Նա ներկայացրեց սեպտեմբերից առ այսօր դպրոցում և համայնքում իր կատարած աշխատանքները, որոնց արդյուքնում դպրոցում ձևավորվել է փոխհարաբերությունների նոր մշակույթ, և դպրոցական կյանքը բավականին ակտիվացել է: Գործում են առաջնորդության, ծրագրավորման և անգլերենի խմբակներ:
Կազմակերպություններն այցելեցին նաև ԱՀԱԸ–ի միջնորդությամբ ԵՀԽ Կլոր սեղանի կողմից վերազինված դպրոցի համակարգչային դասարանը, որին տրամադրվել են նաև դյուրակիր համակարգիչներ «Կրթություն Հայաստան»-իջանքերով: Տեղեկատվական տեխնոլոգիաների արագընթաց զարգացման ժամանակաշրջանում ինտերնետ-համակարգչային կենտրոնը նոր հնարավորություններ կընձեռի համայնքին՝ համաշխարհային ոստայնի մասը դառնալու, զարգացնելու անձնական և միջանձնային հարաբերություններ, բացահայտելու նորանոր հնարավորություններ։
Այցի վերջում կազմակերպվեց հանդիպում համայնքի բնակիչների հետ՝ լսելու նրանց կարծիքը և առաջարկները կատարված աշխատանքների և առաջիկա անելիքների վերաբերյալ: Գյուղի բնակիչները նաև իրենց գոհունակությունը հայտնեցին՝ ՇԵՆ–ի կողմից գյուղի խմելու ջրագիծը վերականգնելու համար, որի շնորհիվ բնակիչների 90%-ն արդենունի ջուր:
Ամփոփելով հանդիպումը՝ ԱՀԱԸ ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանը նշեց, որ այս աննախադեպ համագործակցությունը բաց է բոլոր այն կազմակերպությունների համար, ովքեր նույնպես նպատակ ունեն ուժեղացնել ու զարգացնել ինչպես Մարտունին, այնպես էլ Հայաստանի այլ գյուղական համայնքներն ապագայում։ Նման համագործակցության շրջանակներում արված ներդրումների արդյունքը բազմապատկող ազդեցություն է ունենում։ Պն․ Ներսեսսյանը նաև հույս հայտնեց, որ արդյունքում Մարտունին բավականաչափ կհզորանա և կդառնա ներկայիս համագործակցության անդամ՝ ձեռք մեկնելով այլ գյուղական համայնքներին։