Ծաղկազարդին նվիրված միջոցառում՝ Մոսկվայի «Հայորդյաց տանը»

Մարտի 20-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին տոնում էր Ծաղկազարդը, որը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ հռչակվել է Մանուկների օրհնության օր: Մեծ պահքի վերջին կիրակի օրը նշվող տոնը նվիրված է Հիսուս Քրիստոսի` Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակին:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են «Հայորդյաց տան» տեղեկատվական կենտրոնից, Մոսկվայի Սբ․ Պայծառակերպություն եկեղեցին վաղ առավոտից լի էր մանուկներով, ովքեր եկել էին օրհնություն և Սբ․ Հաղորդություն ստանալու։ Նրանց մեջ մեծ թիվ էին կազմում Մոսկվայի «Հայորդյաց տան» սաները։ Պատարագիչն էր Տեր Առաքել քահանա Ամիրյանը։

ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը Սբ․ Պատարագից հետո օրհնեց մանուկներին, ապա, անդրադառնալով Մոսկվայի «Հայորդյաց տան» սաներին՝ ասաց, որ առավել քան խորհրդանշական է նրանց ներկայությունը տաճարում։Սրբազանը նաև հավելեց, որ դեռ տասը տարի առաջ ընդամենը քսան աշակերտով հիմնված «Հայորդյաց տունն» այսօր այնքան է կայացել, որ կրթօջախի սաները ոչ միայն դպիրի կարգավիճակում մասնակցում են Սբ․ Պատարագին, այլև երգչախումբն իր անմահական, հրեշտակային ձայնով հավատացյալներին մասնակից է դարձնում կոմիտասյան Պատարագին՝ «Հայորդյաց տան» երգչախմբերի ղեկավար Լենա Բեգլարյանի ղեկավարությամբ։

Սբ․ Պատարագից հետո հավատացյալները թեմական «Տապան» թանգարանում ներկա եղան «Հայորդյաց տան» նախապատրաստական դասարանների ուսուցչուհիներ՝  Քնարիկ Պապիկյանի և Ալվինա Հովհաննիսյանիկողմից կազմակերպված՝ Ծաղկազարդին նվիրված  միջոցառմանը։ Փոքրիկները ներկայացրեցին տոնի խորհուրդը, պատմեցին տոնակատարության ժողովրդական ավանդույթներից, Լենա Բեգլարյանն էլ փոքրիկների «Շողեր» երգչախմով ներկայացրեց Ծաղկազարդին նվիրված երգեր։Իսկ միջոցառումն իրական հեքիաթի էր վերածվել կրթօջախի՝ նկարչական խմբակի ղեկավար Հրաչուհի Մարտիրոսյանի և նրա սաների տաղանդի շնորհիվ, ովքեր դեկորացիաներից մի մեծ և գեղեցիկ քաղաք էին ստեղծել։

1 2 4 5

Scroll Up