Հայկական գինիների համտես Ստեփանակերտում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/03/գինի-300x225.jpg)
«Հայաստանի այգիներ» կազմակերպության նախաձեռնությամբ մարտի 19-ին առաջին անգամ Ստեփանակերտի «Վալեքս Գարդեն» հոթելում կայացել է գինիների համտես:
Գինիների համտեսին մասնակացել են ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, ԼՂՀ Էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը, ԼՂՀ Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, մի շարք պաշտոնատար այլ անձինք, գինեսերներ Հայաստանից եւ Արցախից:
Միջոցառմանը ներկայացված էին հայաստանյան 10 գինի արտադրող ընկերություններ եւ տեղական արտադրության 4 ընկերություն:
«Հայաստանի այգիներ» կազմակերպության տնօրեն Վահե Գեշգուրյանի խոսքով՝ միջոցառման կազմակերպման նպատակն է՝ խթանել հայրենական արտադրանքի ճանաչումը եւ գինու օգտագործման մշակույթի տարածումն ազգաբնակչության շրջանում:
«Ներկայացված գինիներն ունեն բարձր որակ, պատրաստվում են ժամանակակից սարքավորումներով՝ միջազգային եւ հայկական տեսակի խաղողիններից: Բացի դրանից, ներկայացված գինի արտադրող ընկերություններից շատերը մասնակցել են միջազգային մրցույթներում եւ զբաղեցրել մրցանակային տեղեր»,- նշել է Վ.Գեշգուրյանը:
«Կատարո» գինի արտադրող ընկերության տնօրեն Գրիգորի Ավետիսյանի խոսքով՝ նման միջոցառումների կազմակերպումը կարեւոր է գինիները ներկայացնելու եւ նոր բրենդներին ծանոթանալու առումով:
«Ստեփանակերտում առաջին անգամն է նման միջոցառում կազմակերպվում, սակայն Հայաստանի ու Արցախի գինեգործների հետ համատեղ կփորձենք այս միջոցառումը շարունակական դարձնել»,-aparaj.am-ի փոխանցմամբ՝ նշել է գինեգործը:
Ստեփանակերտի «Թումո» ստեղծարար կենտրոնի տնօրեն, ֆրանսիացի Վիգեն Բալայանի խոսքով՝ 5 տարի է, ինչ նա սկսել է ծանոթանալ հայկական գինիներին:
«Որպես գինեսեր եւ տարբեր գինիներ համտեսող՝ կարող եմ վստահաբար ասել, որ հայկական գինին զարգանում եւ տարիների ընթացքում ավելի ու ավելի է կատարելագործվում»: