«Հայկական ժամը» նոր թափ է ստանում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/03/ռադիո3.jpg)
Միսլատայի ռադիոյում վերջերս բացված «Հայկական ժամ» ծրագիրը հաստատուն քայլերով առաջ է գնում: Հայաշունչ ծրագիրն արդեն իսկ անցել է ոչ միայն քաղաքի և Իսպանիայի սահմանները, այլ նաև հասանելի է Հայկական սփյուռքում՝ Արգենտինայում, Ուրուգվայում, Հայաստանում և այլուր: Այս մասին «Հայերն այսօրին» տեղեկացնում են Վալենսիայի (Իսպանիա) Արարատ Հայկական Միությունից:
«Հայկական ժամը» համագործակցում է Հայաստանի Հանրային ռադիոյի «Կամուրջ» ծրագրի հետ, որում տեղ են գտնում հաղորդման հայկական բաժինները:
Հիշեցնենք, որ Միսլատայի ռադիոյում «Հայկական ժամ» ծրագիրը «Արարատ» հայկական միության հերթական նախաձեռնություններից մեկն է, որն իր անդրանիկ հաղորդումը սկսեց անցած տարի հոկտեմբերի 19-ին: Հաղորդավարներ Գայանե Ղազարյանը, Սարգիս Բրսոյանը, Արարատ Ղուկասյանը, Անահիտ Շափաղաթյանը և Կարինա Կուլմանյանը ջանք չեն խնայում հաղորդման լսարանն էլ ավելի ընդլյանելու համար: Հաղորդումը երկլեզու է՝ հայերեն-իսպաներեն, որի ընթացքում հանրությանը ներկայացվում է հայկական մշակույթը, հայոց պատմությունը, գրականությունը, հանրաճանաչ հայերի կյանքն ու կենսագրությունը, երաժշտությունը, խոհանոցը… այն ամենը, ինչ ասել է հայ և Հայաստան: Յուրաքանչյուր հաղորդում ունի հարցազրույցի բաժին, որի ընթացքում հանդիպում է կազմակերպվում իսպանահայերի և հայ ժողովրդի բարեկամների հետ:
«Հայկական ժամը» կարելի է լսել ամեն երկուշաբթի, Իսպանիայի ժամանակով 14-15-ը՝ FM, 88.8 հաճախականությամբ կամ այցելելով www.mislataradio.com կայքէջը: