ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորական նամակը Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանին

Հարգելի΄ պարոն Շատվորյան,

Սփյուռքի նախարարության ողջ անձնակազմի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ։

Մեծ են Ձեր վաստակն ու ծառայությունները Ուկրաինայի հայկական համայնքի միասնության, սփյուռքում ազգային ինքնության պահպանման, Հայրենիք-Սփյուռք կապերի խորացման, հայ և ուկրաինացի ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում։

Չնայած երիտասարդ տարիքին` Դուք հաղթահարել եք բազում դժվարություններ, վստահ ու նպատակասլաց իրականացրել ազգային, հոգևոր և մշակութային արժեքների պահպանմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր:

Համաշխարհայնացման այս բարդ ժամանակներում, երբ փոքր ազգերը կանգնած են ուծացման վտանգի առաջ, երբ ձուլվում են մշակույթներ ու լեզուներ, մեր ազգի համար առաջնային է դառնում մայրենի լեզվի պահպանման գործը, որում նույնպես մեծ է Ձեր ներդրումը, ինչի վառ ապացույցն են Ուկրաինայի հայկական համայնքներում գործող կիրակնօրյա դպրոցներն ու հրատարակվող հայկական  թերթերն ու ամսագրերը:

Վստահ եմ, որ առաջիկայում ևս կշարունակեք Ձեր ազգանվեր, հայանպաստ պատասխանատու գործը ի բարօրություն մեր աշխարհասփյուռ ժողովրդի:

Կրկին շնորհավորում եմ Ձեզ, մաղթում քաջառողջություն և նորանոր ձեռքբերումներ:

 ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ

Scroll Up