Ավո (Ավետիս) Գաբրիելյանի «Առանց դռների տները» ֆիլմը ցուցադրվեց Պրահայի կինոփառատոնում

Մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված «Մեկ աշխարհ» (ONE World) 18-րդ միջազգային փաստավավերագրական ֆիլմերի կինոփառատոնում մարտի 13-ի ուշ երեկոյան տեղի ունեցավ սիրիահայ կինոռեժիսոր Ավո Գաբրիելյանի (Ավետիս Կապրեալյան) «Առանց դռների տները» վավերագրական ֆիլմի ցուցադրում –քննարկումը։

Պրահայի «Ատլաս» կինոթատրոնում ֆիլմի ցուցադրությանը հետեւց քննարկում, որի ընթացքում հայ կինոռեժիսորը պատասխանեց հանդիսատեսի հարցերին։

30-ամյա կինոռեժիսորը նշեց, որ ֆիլմի նկարահանումը տեւել է մի  քանի տարի։ Նա ցանկացել է ցույց տալ  Հալեպի  պատերազմական առօրյան եւ մարդկանց կյանքը։  Քանի որ Սիրիայում  արգելված է դրսում նկարահանումների կատարումը՝ փորձել է գաղտնի նկարահանել իրենց տան պատշգամբից։

Ֆիլմի ողջ ընթացքում  կինոռեժիսորը զուգահեռներ է տանում 1915 թվականի Հայոց ցեղասպանության հետ, նաեւ կադրեր են օգտագործված Դոն Ասկարյանի «Ավետիք» /1992\,Անրի Վերնոյի «Մայրիկ» \1991\ եւ Ալեխանդրո Խոդորովսկի Պրուլանսկու «Խլուրդը» \ El Topo ՚\1970\ ֆիլմերից։

Ռեժիսորն իր խոսքում նշեց, որ անցյալ դարասկզբին ցեղասպանության ենթարկված իր ընտանիքը, որ ապաստան էր գտել Սիրիայում, ստիպված էր երկրորդ անգամ դառնալ փախստական, այս անգամ ապաստան գտնելով հարեւան Լիբանանում։

Ֆիլմն այս տարի ցուցադրվել է նաեւ Բեռլինեալեում։ Նախատեսվում է ապրիլի 24-25-ին ցուցադրությունը Բրյուսելում, ապա «Տորինոյի» եւ «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոներում։

Պրահայում այն եւս մեկ անգամ կցուցադրվի վաղը՝ մարտի 15-ին քաղաքային գրադարանի դահլիճում։

Հ.Ա.

ՕՐԵՐ

Scroll Up