ԱԺ Հայաստան-Կորեա բարեկամական խմբի անդամները հանդիպել են Հարավային Կորեայում հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

Մարտի 11-ին ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Կորեա բարեկամական խմբի ղեկավար Սամվել Ֆարմանյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Կորեայի Միջազգային համագործակցության գործակալություն (KOICA): Պատգամավորները շրջել են գործակալությունում` ծանոթանալով պատմությանը եւ գործունեությանը: Այս մասին հայտնում է «Հայերն այսօր»-ը՝ հղում կատարելով ՀՀ Ազգային ժողովի կայքին:
Այնուհետեւ ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները հանդիպել են KOICA-ի Ծրագրերի եւ տարածաշրջանային համագործակցության հարցերով փոխնախագահ Սունգհո Չոի հետ:
Ողջունելով հյուրերին` պարոն Սունգհո Չոն նշել է, որ իրենց համար մեծ պատիվ է հյուրընկալել ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությանը եւ հույս է հայտնել, որ այցը նպաստավոր կլինի Հայաստան-Կորեա փոխգործակցության ամրապնդման համար:
Սամվել Ֆարմանյանն իր խոսքում նշել է, որ մեծապես տպավորված է Կորեայի սոցիալ-տնտեսական զարգացման ու ժողովրդավարացման փորձով եւ այն փաստով, որ Կորեան բավական կարճ ժամանակում հասել է տնտեսական զարգացման բարձր մակարդակի: Հայկական պատվիրակության անդամներն իրենց խորին շնորհակալությունն են հայտնել Կորեայի Միջազգային համագործակցության գործակալությանը` ՀՀ ԱԺ-ին հատկացրած մեծ օժանդակության համար, որը, համաձայն պատգամավորների, եղել է նպատակային եւ հնարավորություն է տվել տեխնիկապես վերազինել Ազգային ժողովի նիստերի դահլիճը: Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու համագործակցությունը ՀՀ ԱԺ-ի եւ KOICA-ի միջեւ:
Մարտի 12-ին Սամվել Ֆարմանյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Սոգանգի համալսարան, հանդիպել համալսարանի պրոֆեսոր Լիի, ինչպես նաեւ Կորեայում սովորող հայ ուսանողների հետ:
«Հարավային Կորեայում հայկական համայնք կամ սփյուռք, իր ավանդական ընկալմամբ, չկա: Փոխարենը, մոտ հիսուն մեր հայրենակիցներ հիմնականում ուսանում կամ աշխատում են այդ երկրում (Սամսունգում աշխատող ծրագրավորողներ): Պայծառագույն դեմքեր…»,-գրել է Սամվել Ֆարմանյանն՝ իր ֆեյսբուքյան էջում՝ հրապարակելով փոքրաթիվ հայ համայնքի հետ հանդիպման նկարը: