Այսօր Եվրոպան կքննարկի Սիրիայի իրավիճակը
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էյրոն մարտի 4-ին Փարիզում սիրիական թեմայով բանակցություններ կանցկացնի Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի արտգործնախարարներ Ֆիլիպ Համոնդի և Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ։ Այս մասին armradio.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է TASS գործակալությունը՝ հղում անելով Ֆրանսիայի ԱԳ նախարարությանը։
«Հանդիպումը պետք է թույլ տա քննարկել իրավիճակը՝ կապված Սիրիայում կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունների իրագործման հետ, որը պետք է լիովին պահպանվի։ Կքննարկվի նաև Սիրիայում մարդասիրական իրավիճակը»,- ասվում է հայտարարությունում։
Ինչպես նշվում է փաստաթղթում, նախարարները մտադիր են հիշեցնել, որ օգնությունը պետք է առանց որևէ սահմանափակման մատակարարվի Սիրիայի ողջ տարածքով՝ համապատասխան միջազգային մարդասիրական իրավունքի դրույթների և ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի։ Փարիզում կքննարկվի նաև ՄԱԿ-ի հովանու ներքո միջսիրիական բանակցությունների հարցը։
Հիշեցնենք, որ Սիրիայի տարածքում հրադադարի ռեժիմն ուժի մեջ է փետրվարի 27-ից։