Մայր Աթոռում տեղի ունեցավ Ռուբեն Սևակի հիշատակին նվիրված ոգեկոչման հանդես
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/02/c0afcfee-9748-4103-8010-d49d2e85ab12-300x225.jpg)
Փետրվարի 28-ին, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Ռուբեն Սևակ» թանգարանում տեղի ունեցավ ոգեկոչման հանդես` նվիրված նահատակ բանաստեղծի հիշատակին: Այս մասին հայտնում են Մայր աթոռի տեղեկատվական համակարգից:
Բացման խոսքով հանդես եկավ թանգարանի տնօրեն Արժանապատիվ Տ. Սևակ քահանա Սարիբեկյանը:
Այնուհետև ցուցադրվեց «Շողակաթ» Հ/Ը կողմից նկարահանված ֆիլմը` նվիրված Ռուբեն Սևակի կյանքին և նահատակության պատմությանը:
«Ռուբեն Սևակ առեղծվածային բանաստեղծը» խորագիրը կրող բանախոսությամբ հանդես եկավ գրականագետ, ՀՀ Սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանը:
Ցերեկույթի ընթացքում ՀՀ վաստակավոր արտիստ Սիլվա Յուզբաշյանի կատարմամբ հնչեցին Ռ. Սևակի, Դանիել Վարուժանի, Սիամանթոյի, Մեծարենցի և Վիլյամ Սարոյանի ստեղծագործություններից:
Հանդեսի երաժշտական բաժնում ելույթ ունեցան «Հայաստանի նոր անուններ» ծրագրի պատանի երաժիշտները:
Ոգեկոչման հանդեսը եզրափակվեց Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանի օրհնության խոսքով: