Անպատիժ ոճրագործություն. Սումգայիթյան ջարդերի 28-րդ տարելից

1988 թվականի փետրվարի 27-29 Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից ընդամենը 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում տեղի ունեցան հայերի զանգվածային սպանություններ և ջարդեր: Երեք օր շարունակ մարդկանց սպանում էին, բռնաբարում և թալանում միայն այն պատճառով, որ նրանք հայեր էին: Սումգայիթում տասնյակ սպանվածները, հարյուրավոր խեղվածներն ու հազարավոր վտարված հայերը դարձան առաջին զոհերն Ադրբեջանի ահաբեկչական քաղաքականության` ընդդեմ Լեռնային Ղարաբաղի հայերի:

Նինոծմինդայի երիտասրդական կրթամշակութային կենտրոնում անցկացվեց դասախոսություն՝ ի հիշատակ Սումգայիթյան զոհերի: Հայոց պատմության ուսուցիչ Ս. Երանոսյանը ներկաներին մանրամսնորեն ներկայացրեց 21-րդ դարի երկրորդ ոճրագործության պատմական փաստերը ի դեմ հայ ազգի: Ցավոք, առ այսօր Սումգայիթյան ջարդերը չեն արժանացել միջազգային հանրության համարժեք քաղաքական և իրավաբանական գնահատականին: Այս մասին հայտնում է «Հայերն այսօր»-ը՝ հղում կատարելով Akhaltskha.net-ին:

Դասախոսության ավարտից հետո տեղի ունեցավ ֆիլմի դիտում՝ նվիրված Սումգայիթյան ջարդերին: Ներկա էին կենտրոնի խմբակների սաները և ուսուցիչները:

Փետրվարի 28-ին Ախալցխայի հայկական երիտասարդական կրթամշակութային կենտրոնում ևս տեղի ունեցավ դասախոսություն եւ ֆիլմի դիտում՝ նվիրված Սումգայիթյան ոճրագործության զոհերի հիշատակին: Դասախոսությունը կարդաց կենտրոնի հայոց պատմության ուսուցիչ Արամ Սիմոնյանը: Դասախոսության ավարտին երիտասարդները դիտեցին «Սովորական Ցեղասպանություն» վավերագրական ֆիլմը, որը բազմաթիվ փաստերով պատմում է Սումգայիթյան ջարդերի ողջ ճշմարտության մասին:

28 տարի անց մենք գլուխ ենք խոնարհում Սումգայիթյան ողբերգության անմեղ զոհերի հիշատակին և համաշխարհային հանրությանը կոչ ենք անում իր կտրուկ դիրքորոշումն արտահայտել մարդկության դեմ կատարված այդ հանցագործության նկատմամբ:

01 03

Scroll Up