Սումգայիթյան ջարդերի տարելիցին Ֆրանսիայում կանցկացվեն մի շարք միջոցառումներ

Ֆրանսիայի հայկական համայնքը Սումգայիթում հայերի նկատմամբ իրականացրած ջարդերի տարելիցի կապակցությամբ նախատեսում է կազմակերպել մի շարք միջոցառումներ:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը, առաջիկա օրերին Սումգայիթի ջարդերի թեմայով անցկացվելու են դասախոսություններ, կազմակերպվելու են կլոր-սեղաններ, ինչպես նաև, աշխատելով տեղի լրատվամիջոցների հետ, հրապակվելու են հոդվածներ:

«Պետք է մշտապես հիշվեն այդ ողբերգական օրերը, պետք է բարձաձայնել այդ մասին: Դրանից բացի, անհրաժեշտ է ընդգծել խաղաղության դեմ Ադրբեջանի իրականացրած և իրականցվող գործողությունները»,-ասաց Մուրադ Փափազյանը: Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահն ընդգծեց, որ Ֆրանսիայում Ադբեջանը բավական ակտիվ է գործում: «Շատ ակտիվ են, լուրջ ներդրումներ են կատարում քարոզչության գործում, աշխատում են տարբեր հարթակներում: Նրանց և մեր միջոցները անհամեմատելի են: Բայց մենք մեր ունեցած ուժերով կարողանում ենք հակազդել և բավական արդյունավետ: Ասեմ, որ Ֆրանսիայի հասարակության շրջանում ադրբեջանցիների իմիջը դրական չէ»,-հավելեց Մուրադ Փափազյանը:

1988թ. փետրվարի 27-ին Բաքվից ոչ հեռու գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունները սկսեցին հայ բնակչության բնաջնջումը, որն ուղեկցվում էր հայերի ունեցվածքի թալանով և ոչնչացմամբ: ԽՍՀՄ ղեկավարության լռության պայմաններում երեք օրվա կոտորածների ընթացքում վիրավորվեցին և սպանվեցին 100-ավոր հայեր:

Scroll Up