Իրանում կայանալիք ընտրություններին թեժ պայքար է սպասվում հայ թեկնածուների շրջանում
Իրանում փետրվարի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին 290 տեղի համար պայքարում են պահպանողականներն ու բարեփոխիչները: Ընդհանուր առմամբ 12 հազարից ավելի քաղաքացիներ էին ներկայացրել իրենց թեկնածությունը, սակայն վերջնական արդյունքում հաստատվել է 6 հազար 200 ներկայացուցչի թեկնածություն, որից 586-ը կանայք են:
Ինչպես «Արմենպրես»-ի սրահում հրավիրված ասուլիսին նշեց իրանագետ Գոհար Իսկանդրայանը, թեժ պայքար է սպասվում նաև հայ թեկնածուների շրջանում: Հայերի համար նախատեսված երկու տեղի համար սկզբից պայքարում էր 9 թեկնածու, սակայն հայտնի դարձավ, որ թեկնածուներից մեկն ինքնաբացարկ է հայտարարել:
«Հարավային հատվածում, ես կարծում եմ, որ հաղթանակ տանելու լուրջ շանսեր ունի Ժորժիկ Աբրահամյանը: Նա նախկինում եղել է պատգամավոր և արդյունավետ է աշխատել, իսկ համայնքը հիշում է նրա առաջ քաշած օրինագծերը, որոնք կյանքի կոչվեցին: Հյուսիսային հատվածում հաղթելու շանսեր ունի Կարեն Խանլարյանը: Նա այսօր էլ մեջլիսում պատգամավոր է և բավական արդյունավետ է աշխատում: Հայկական համայնքն էլ գոհ է նրա գործունեությունից: Նրա թեկնածությունը պաշտպանում է նաև ՀՅԴ-ն»,-ասաց Գոհար Իսկանդարյանը: Իրանագետը նշեց, որ խորհրդարանական ընտրությունների գործընթացում մի հետաքրքիր հանգամանք է գրանցվում: Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկումից հետո բավական մեծացան բարեփոխիչների դիրքերը:
«Հասարակությունը գոհ է նրանց վարած քաղաքականությունից, սակայն պահպանողականները չեն ցանկանում զիջել իրենց տեղը: Սրանով է պայմանավորված, որ Ներքին գործերի նախարարությունը կրճատել է բարեփոխիչների թիվը և ավելի շատ կարող են ընտրություններին մասնակցել պահպանողականները: Ընտրություններն արդար թափանցիկ անցնելու դեպքում էլ, միևնույն է, մեջլիսում ավելի շատ տեղեր են ունենալու պահպանողականները: Սա արվում է, որ հավասարակշռություն ապահովվի»,-ասաց Գոհար Իսկանդարյանը` նշելով, որ երկրի ղեկավարությունը գտնվում է չափավոր պահպանողականների ձեռքում, սակայն նրանց յուրաքանչյուր առաջ քաշած օրինագիծ ի վերջո պետք է հաստատվի մեջլիսում, որտեղ հիմնականում կլինեն պահպանողականները: Երկրի նախագահն ու հոգևոր առաջնորդն արդեն կոչ են արել ժողովրդին ակտիվ մասնակցել քվեարկությանը: