Բերձորում բազմաբնակարան շենք է կառուցվում

Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորի քաղաքային համայնքն ունի ավելի քան 400 տնտեսություն, որից 36-ը՝ բազմազավակ ընտանիքներ:
Քաշաթաղի շրջանի «Մերան» պաշտոնաթերթի խմբագիր Զոհրաբ Ըռքոյանի փոխանցմամբ՝ այդ մասին նախօրեին տեղեկացրել է Բերձորի քաղաքապետ Արտյոմ Սարիբեկյանը՝ ներկայացնելով անցած տարի քաղաքապետարանի կողմից իրականացված աշխատանքների մասին հաշվետվությունը:Նրա հաղորդմամբ՝ անցած տարի Բերձորում ծնվել է 30 երեխա, կազմվել է 12 նոր ընտանիք, գրում է Artsakhpress:
Քաղաքապետի հաշվետվության համաձայն՝ Բերձորում գործում է 2 միջնակարգ դպրոց: Մասնավորապես՝ քաղաքի Վահան Թեքեյանի անվան համար 1 կրթօջախն այժմ ունի 180 աշակերտ, իսկ Վահան Զատիկյանի անվան համար 2 դպրոցը՝ 175 աշակերտ: Բերձորի պետական մանկապարտեզում նախակրթություն են ստանում 126 երեխա: Բացի այդ, քաղաքում գործում է նաև գիշերօթիկ հաստատություն, որի խնամքի տակ են ծնողազուրկ և այլ կարգավիճակ ունեցող 24 երեխա: Բերձորի մարզական դպրոցն ունի 106, իսկ արվեստի դպրոցը՝ 195 սան: Քաղաքապետ Ա. Սարիբեկյանը նշել է, որ հաշվետու տարում համայնքի բյուջեն կազմել է 107միլիոն 879 հազար դրամ, որից 70մլն 664 հազարը որպես դոտացիա, մնացածը՝ սեփական եկամուտներ:
«Համայնքի բյուջեի եկամուտներն անցած տարի կազմել են 85,3 տոկոս, իսկ ծախսերը՝ 85 տոկոս»,-մանրամասնել է Բերձորի քաղաքապետը: Հաշվետու տարում քաղաքում կատարվել են սանմաքրման, կանաչապատման, բարեկարգման, փողոցային լուսավորության, փողոցների հենապատերի վերանորոգման, կոյուղու կառուցման, մայթերի նորոգման, աստիճանների կառուցման, փողոցների անվանատախտակների տեղադրման, քաղաքապետարանի շենքի ընթացիկ վերանորոգման աշխատանքներ:
Բերձորի քաղաքապետի հաշվետվությունից հետո, Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը, ողջունելով ներկաներին, տեղեկացրել է, որ ԼՂՀ Նախագահի հրամանով Բերձորի քաղաքային գրադարանի վարիչ Սոնա Հովեյանը գրադարանային գործի ոլորտում երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով: Այնուհետև, բանակ-հասարակություն կապի ամրապնդման գործում ունեցած ծառայությունների համար, շրջվարչակազմի ղեկավար Ս. Խաչատրյանը ԼՂՀ ՊԲ պատվոգրերն է հանձնել Քաշաթաղի ՇՈԲ պետ Վրույր Խաչատրյանին և «Արցախէներգո» ՓԲԸ-ի շրջանային բաժանմունքի տնօրեն Վիլեն Սիմոնյանին:
Պատասխանելով ներկաների բարձրաձայնած հարցերին, Ս. Խաչատրյանը նշելէ, որ Բերձորի կոյուղիների կարգավորման համար «Քաշաթաղ» բարեգործական հիմնադրամի կողմից կհատկացվի համապատասխան քանակի խողովակ: Այժմ քաղաքում կառուցվում է 1 բազմաբնակարան շենք, իսկ երկուսի հիմնանորոգումը կսկսվի ընթացիկ տարում: