Գիրք նվիրելու օրվա առթիվ աշակերտներ հյուրընկալվեցին ՀՀ սփյուռքի նախարարությունում

Փետրվարի 19-ին՝ Գիրք նվիրելու օրվա առթիվ, Եղիշե Չարենցի անվան հ.67 դպրոցի 6-րդ դասարանի աշակերտները հյուրընկալվեցին ՀՀ սփյուռքի նախարարությունում:

Սփյուռքի նախարարության Համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Սիրվարդ Համբարյանը դպրոցականներին ներկայացրեց օրվա խորհուրդը: «Այսօր նաև Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, մենք բոլորս ծանոթ ենք նրա բանաստեղծություններին, պոեմներին ու քառյակներին: Մեծ բանաստեղծի պատգամները պետք է ուղեկցեն մեզ ողջ կյանքում,- նշեց Ս.Համբարյանը՝ հավելելով, – մենք պետք է առավել հոգատար և խնամքով վերաբերվենք մեր լեզվին, չաղավաղենք հայերենը»:

Այնուհետև դպրոցականները միաձայն արտասանեցին Սիլվա Կապուտիկյանի «Խոսք իմ որդուն» բանաստեղծությունը: Իսկ առավել համարձակներն ասմունքեցին Հովհաննես Շիրազի և Պարույր Սևակի՝ Մայրենիին նվիրված ստեղծագործությունները:

Հանդիպման ավարտին դպրոցականներին բաժանվեցին ՀՀ սփյուռքի նախարարության պատվերով և հովանավորությամբ տպագրված «Սովորի՛ր մեծերից», «Ալեքսանդր Մանթաշյանցի կյանքը» և այլ գրքեր:

Աշակերտները՝ դասղեկ Քնարիկ Մինասյանի գլխավորությամբ, նույնպես ձեռնունայն չէին եկել: Նրանք էլ իրենց պատրաստած ընծա-գրքերը նվիրեցին ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցներին:

Scroll Up