Գուրգեն Մարգարյանի վայրագ սպանությունից անցել է 12 տարի

Այսօր լրանում է հայ սպա Գուրգեն Մարգարյանի վայրագ սպանության հերթական տարելիցը։

12 տարի առաջ՝ 2004թ. փետրվարի 19-ին, Հայաստանի ԶՈւ զինծառայող Գուրգեն Մարգարյանը, որը անգլերենի դասընթացներ էր անցնում Բուդապեշտում, քնած ժամանակ կացնահարվել էր ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից։

Նախադեպը չունեցող գազանային սպանությունը կատարվել էր Եվրոպայի կենտրոնում, որտեղ 2 սպաները ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անգլերենի դասընթացներ էին անցնում։ Հունգարիան մարդասպանին ցմահ ազատազրկման դատապարտեց, որից 30 տարին՝ առանց համաներման իրավունքի։ Դատավճիռը կայացվել էր 2006թ., ապրիլի 3-ին։

6 տարի անց այդ երկրի իշխանությունները, իրենց թույլ տալով կաշառվել ադրբեջանական նավթադոլարներով, արդարության եւ օրինականության պատկերացումները փոխարինեցին այսրոպեական շահի հետ։ Սաֆարովին վերադարձրին հայրենիք, որտեղ նա անմիջապես ազատ արձակվեց եւ հերոսի կոչում ստացավ։ Նույն օրը՝ 2012թ. օգոստոսի 31-ին, Հայաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ։

Հունգարիայի արտգործնախարար Կինգա Հենցը, 2008թ. գտնվելով Երեւանում, պատասխանել էր Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելու հնարավորության մասին հարցին եւ նշել, որ նման հնարավորություն կա, բայց Հունգարիան նման պարտավորություն չունի։ «Ռամիլ Սաֆարովի արարքը հունգարական հասարակության համար շոկ էր եւ ցնցում։ Սաֆարովին վերադարձնելու հնարավորություն կա, բայց Հունգարիան նման պարտավորություն չունի։ Սաֆարովին վերաբերվող բոլոր հարցերին շատ լուրջ ենք մոտենալու։ Ամենակարեւոր հարցն այն է, թե Սաֆարովը Ադրբեջանում կկրի՞ ցմահ բանտարկության պատիժը, թե՞ ոչ»,- ասել էր նախարարը, հաղորդում է  NEWS.am-ը:

Scroll Up