Հայ մեծ բարերար Ալեք Մանուկյանը
«Ինձի համար որևէ անձնական հաջողություն կամ բարօրություն թունավոր բան մը կունենա իր մեջ, երբ ազգը անկե իր բաժինը չստանա»:
Ալեք Մանուկյան
Բարեգործությունը հայ իրականության մեջ խոր արմատներ ունի: XIX դարավերջին և XX դարասկզբին հայ բարեգործների մի մեծ աստղաբույլ կար. Ալեքսանդր Մանթաշյանց, Միքայել Արամյանց, Հակոբ Սանասարյան, Մելիք-Ազարյաններ և այլք, որոնց վաստակը հայության խնդիրների, կրթական ծրագրերի լուծման մեջ դժվար է գերագնահատել:
Մեր ժամանակներում էլ ունենք այնպիսի բարեգործներ, որոնց վաստակը թե՛ հանրությունը, թե՛ պետությունը գնահատել է ըստ արժանվույն: Նրանցից է ՀՀ ազգային հերոս, հասարակական գործիչ, արդյունաբերող, ճարտարագետ-գյուտարար Ալեք Մանուկյանը:
Ալեք Թագվորի Մանուկյանը ծնվել է 1901 թ. հունիսի 28-ին Օսմանյան Թուրքիայի Զմյուռնիա քաղաքի Քասաբա թաղամասում: Հայրը՝ Թագվոր Մանուկյանը, հայ համայնքի առաջնորդն էր, ձեռներեց մի մարդ, որ զբաղվում էր հացահատիկի առևտրով: Ապագա արդյունաբերողը նախնական կրթությունը ստացել է տեղի հայկական դպրոցում: Նա առանձնակի հետաքրքրություն է դրսևորել հայագիտական առարկաների նկատմամբ: Ուսմանը զուգահեռ՝ գործի մեջ օգնում էր հորը: Ձեռներեցությունն ու հայրենասիրությունը Թագվոր Մանուկյանից փոխանցվեցին որդուն: Դպրոցն ավարտելուց հետո, սեր ունենալով տեխնիկայի նկատմամբ, Ալեք Մանուկյանն զբաղվել է ավտոմեխանիկությամբ:
1915 թ. Հայոց ցեղասպանությունը համեմատաբար շրջանցեց իզմիրահայությանը, բայց հետագա տարիներին ուժեղացան բռնությունները հայության նկատմամբ, և 1920 թ. պատանի Ալեք Մանուկյանը, գրպանում ունենալով ընդամենը 50 դոլար, տեղափոխվում է մշտական բնակության Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Նա հաստատվեց Բրիջպորտ քաղաքում, ուր անմիջապես աշխատանքի անցավ տեղի մեքենաշինական գործարանում: Իսկ ազատ ժամանակ հայոց լեզու էր դասավանդում ԱՄՆ-ում մի քանի սերունդ առաջ հաստատված հայերի զավակներին, որոնք չէին տիրապետում մայրենիին:
1924 թվականից նա մշտապես բնակվեց Միչիգանի նահանգի Դետրոյթ քաղաքում, ուր կանչեց նաև իր բազմանդամ ընտանիքը: Հաստատվելով ԱՄՆ-ում՝ Ալեք Մանուկյանը աշխատասիրության և գործարար ունակությունների շնորհիվ արագ աչքի ընկավ: Նա զբաղվեց սիրելի գործով. աշխատում էր որպես ավտոմեխանիկ: Ի վերջո, որոշում է սեփական գործը հիմնել և 1929 թ. հիմնադրում է սեփական ձեռնարկությունը՝ «Masco Screw»-ն:
Հետագայում այն մեծացավ և վերածվեց «Masco Corporation» միջազգային ընկերության, որը ավտոմասեր է արտադրում տարբեր մակնիշի մեքենաների համար: Մանուկյանի ընկերությունը բարգավաճեց նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի շնորհիվ, երբ նրա ընկերությունը դարձավ ամերիկյան բանակը սպասարկող կառույցներից մեկը: Ընկերության տարեկան շահույթը գերազանցում էր 1 մլն ԱՄՆ դոլարը:
Նա հաջողակ գործարար լինելուց զատ նաև գյուտարար է: Ի թիվս այլ գյուտերի՝ Ալեք Մանուկյանի մտքի արգասիքներից է մեր կենցաղում տարածված դելտա ծորակը: Այս ամենը բնավ հեշտությամբ չի տրվել հմուտ գործարարին: Նա շատ ջանք, եռանդ ու ժամանակ է ներդրել հաջողության համար: Այն օրերի մասին նա իր հուշերում պատմում է. «Որոշ ժամանակ անց ցանկացա ընդարձակել գործս և մեկ միջոց ունեի` գործիս բաժնեթղթերը ծախել հանրության, և ես առաջին հայ արդյունաբերողն եմ ԱՄՆ-ում, որ սակարանում ծախել է մեծ քանակությամբ արժեթղթեր: Տղաս ծնվեց, և ես այնքան էի գործով զբաղված, որ նրան կարողացա տեսնել շաբաթվա վերջում` 6 օր անց: Ահա այդպիսի դաժան մրցակցություն էր շուրջս»:
Բարեգործությունը Ալեք Մանուկյանի համար կենսակերպ էր երիտասարդ տարիքից: Արդեն 1930 թ. նա անդամագրվում է Հայ բարեգործական ընդհանուր միությանը: Ակտիվ հասարակական աշխատանքը տալիս է իր պտուղները, Ալեք Մանուկյանը ձեռք է բերում ՀԲԸՄ վարչության ատենապետների վստահությունը և 1953 թվականից անընդմեջ դառնում է ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի նախագահ:
1989 թ. Ալեք Մանուկյանն ընտրվել է ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի ցկյանս պատվավոր նախագահ: 1989 թվականին ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի նախագահ ընտրվեց մեծ բարերարի դուստրը՝ Լուիզ Սիմոն Մանուկյանը:
ՀԲԸՄ աշխատանքներում ներգրավվելու ժամանակ Ալեք Մանուկյանը հանդիպում ու ծանոթանում է իր կյանքի մեծագույն սիրուն՝ Մարիին: 1931 թ. նրանք ամուսնանում են: Համատեղ կյանքի ընթացքում Ալեք և Մարի Մանուկյաններ զույգը երկու զավակ ունեցավ: Մարի Մանուկյանը ևս ակտիվ հասարակական գործունեությամբ էր զբաղվում:
1968 թ. նա 1 մլն ԱՄՆ դոլար հիմնադիր կապիտալով հիմնադրեց ՀԲԸՄ «Ալեք Մանուկյան» մշակութային հիմնադրամը, որի նպատակը հայկական գրական և գիտական ժառանգության թարգմանությունն էր, աշխարհում հայկական մշակութային արժեքների տարածումն ու գովազդումը: 1952 թ., երբ Մանուկյանը դեռ ՀԲԸՄ նախագահ չէր ընտրվել, միության ընդհանուր հիմնադրամները 95-ն էին` 7 մլն 400 հազար ընդհանուր կապիտալով: 1989 թ., երբ նա հեռացավ իր պաշտոնից, հիմնադրամների թիվն արդեն հասնում էր 465-ի, իսկ կապիտալը` 98 մլն 500 հազար դոլարի:
Ալեք Մանուկյանի գործունեության մեջ առաջնային տեղ էր գրավում հայրենիքը: Հատկապես արցախյան ազատամարտի տարիներին և Հայաստանի նորանկախ շրջանում, երբ երկիրը սոցիալ-տնտեսական ծանր կացության մեջ էր, հսկայական էր ՀԲԸՄ և անձամբ Ալեք Մանուկյանի ներդրումը:
Ալեք Մանուկյանը աշխարհի շատ հայկական գաղթօջախներում դպրոցներ է բացել, մշակութային կենտրոններ, թանգարաններ, եկեղեցիներ է կառուցել: Մանուկյան ամուսինները նաև արտերկրի շատ համալսարաններում հայագիտության ամբիոններ են բացել և հովանավորել: Մեծ նվիրատվություններ է կատարել եկեղեցիներին, գրադարաններին, ծերանոցներին, հիվանդանոցներին:
Ալեք Մանուկյանը նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր անդամ էր: Նա հիմնադրամին ավելի քան 500 հազար ԱՄՆ դոլար է նվիրաբերել՝ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի շինարարության և Արցախում իրականացվող տարբեր ծրագրեր կյանքի կոչելու համար:
Հայրենիքն ըստ արժանավույն է գնահատել իր զավակի ծառայությունները: 1994 թ. ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով Ալեք Մանուկյանն ստացավ ՀՀ քաղաքացիություն և արժանացավ ՀՀ Ազգային հերոսի բարձրագույն կոչման: Նա պարգևատրվել է ՀՀ բարձրագույն՝ «Հայրենիք» շքանշանով: Վազգեն Ա կաթողիկոսը Ալեք Մանուկյանին սբ.Գրիգոր Լուսավորիչ խաչ է նվիրել: Ալեք Մանուկյանն արժանացել է նաև Արգենտինայի նախագահի մեդալին: Նա շատ համալսարանների պատվավոր դոկտորի կոչում ունի:
Երևանում, Մոնրեալում, Ստեփանակերտում փողոցներ են անվանակոչվել մեծ բարերարի անվամբ:
Մեծ հայորդին մահացավ 1996 թ. հուլիսի 10-ին ԱՄՆ Դետրոյթ քաղաքում, 95 տարեկան հասակում: Կինը՝ Մարին, մահկանացուն կնքել է 1993 թ.: 2007 թ. Ալեք Մանուկյանի և կնոջ՝ Մարի Մանուկյանի աճյունները տեղափոխվել են Հայաստան և վերահուղարկավորվել Էջմիածնի վանքի՝ իրենց անունը կրող գանձատան բակում:
Վահե Անթանեսյան
Ankakh.com