Թուրքիայի նոր նույնականացման քարտերի վրա կրոնն այլևս չի նշվի

Թուրքիայում տրամադրվելիք նոր նույնականացման քարտերի վրա այսուհետ պարտադիր կերպով նշված չի լինի տվյալ անձի կրոնական պատկանելությունը:

 Այս մասին, ըստ «Արցախպրես»-ի, տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Հաշվի առնելով այս հարցում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը՝ նույնականացման քարտերում կրոնական պատկանելությունը կարող է նշվել միայն տվյալ անձի կողմից ցանկության առկայության դեպքում: Ընդ որում, այդ պարագայում կրոնը նշվելու է ոչ թե անմիջապես քարտի, այլ դրա էլեկտրոնային չիպի վրա:

Ավելի վաղ թուրքական խորհրդարանում նույնականացման քարտի վրա կրոնական պատկանելության նշումը հանելու պահանջ էր ներկայացրել Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ անդամ Գարո Փայլանը: Վերջինիս հարցմանն ի պատասխան Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան հայտնել է, որ նոր նույնականացման քարտերում «կրոնի կոդն» այլևս չի նշվելու:

 Նույնականացման նոր քարտերը Թուրքիայի քաղաքացիներին կտրամադրվեն առաջիկա երեք տարիների ընթացքում:

Scroll Up