Ստամբուլում 2 իշխանամետ թերթերի խմբագրությունների դեմ զինված հարձակում է տեղի ունեցել

Թուրքիայի խիստ ընդգծված իշխանամետ Yeni Safak եւ Yeni Akit պարբերականների խմբագրությունների դեմ համաժամանակյա զինված հարձակում է տեղի ունեցել փետրվարի 11-ի վաղ առավոտյան, հայտնում է News.am-ը:
Թուրքական Cumhuriyet պարբերականի փոխանցմամբ՝ անհայտ անձը կամ անձիք բոցավառվող հեղուկներով ու հրազենով հարձակվել են Ստամբուլի Բայրամփաշա թաղամասում գտնվող Yeni Safak պարբերականի խմբագրության վրա։ Խմբագրության վրա նետված բոցավառվող հեղուկները հրդեհ են առաջացրել, ինչը մարվել է շենքի անվտանգության մարմինների կողմից։
Միեւնույն ժամանակ նույն սցենարով հարձակում է տեղի ունեցել ռասիստական, խիստ հակահայկական ու հակաքրդական հրապարակումներով հայտնի Yeni Akit պարբերականի խմբագրության դեմ։
Հարձակումների հետեւանքով մարդկային կորուստներ չեն գրանցվել։