160 հումանիտար կազմակերպություններ պահանջել են անհապաղ հրադադար հաստատել Սիրիայում

160 հումանիտար կազմակերպություններ, այդ թվում՝ ՄԱԿ-ի գործակալություններ, հանդես են եկել Սիրիայում մարտական գործողությունների անհապաղ դադարեցման եւ հակամարտությունից տուժածներին օգնություն ցույց տալու համար անարգել մուտք ապահովելու օգտին:

Այդ մասին, ըստ Artsakhpress.am-ի, ասված է համատեղ ուղերձում, որը փետրվարի 10-ին տարածվել է ՄԱԿ-ի կենտրոնակայանում:

«Այն ժամանակվանից, երբ Սիրիայում գրեթե հինգ տարի առաջ սկսվեց հակամարտությունը, սպանվել են 250 հազարից ավելի տղամարդիկ, կանայք ու երեխաներ, 17 մլն մարդ հումանիտար օգնության կարիք ունի, իսկ միլիոնավոր սիրիացիներ փախել են երկրից, ինչն ազդել է ամբողջ աշխարհի վրա»,- նշվում է հայտարարության մեջ: Հումանիտար կազմակերպություններն ընդգծում են, որ վերջին տարվա ընթացքում էլ ավելի է դժվարացել բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելը: «Շրջափակումներն ու սովն այժմ պատերազմի գործիք են դարձել, որն օգտագործում են հակամարտության բոլոր կողմերը»,- պնդում են նրանք:

160 գործակալություններից բաղկացած ցուցակը ներառում է Պարենավորման համաշխարհային ծրագիրը, ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչությունը, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը, Միգրացիայի միջազգային գործակալությունը, Փախստականների գործերի նորվեգական խորհուրդը, ինչպես նաեւ տասնյակ այլ միջազգային ու ոչ կառավարական կազմակերպություններ՝ աշխարհի տարբեր մասերից:

ՄԱԿ-ում հակամարտության կարգավորման հույսերը կապում են Դամասկոսի եւ ընդդիմության միջեւ բանակցությունների հետ, որոնք պետք է սկսվեն փետրվարի 25-ից ոչ ուշ: Նրանց միջեւ երկխոսությունը կարգավորելու առաջին փորձը, որը ձեռնարկվել էր հունվարի վերջին, հաջողություն չունեցավ:

Փետրվարի 11-ին Մյունխենում նիստ է գումարելու Սիրիայի աջակցման միջազգային խումբը, որը քննարկելու է հերթական խաղաղ նախաձեռնության հաջողության համար անհրաժեշտ հետագա քայլերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Scroll Up