Ամերիկահայ ուսանողները Լոս Անջելեսում Ցեղասպանության ճանաչմանն ուղղված լուռ ակցիա են իրականացրել

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում գտնվող Օքսիդենթալ քոլեջի (Occidental College) Հայ ուսանողների ասոցիացիան (ASA) Ջոնսոն ուսանողական կենտրոնում լուռ ակցիա է անցկացրել` ուղղված Հայոց ցեղասպանության մասին իրազեկվածության բարձրացմանը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է քոլեջի պաշտոնական կայքը: Մասնակից ուսանողներն իրենց բերանները փակել են ժապավեններով, որոնց վրա գրված են եղել «ժխտում», «արդարություն», ինչպես նաև իրենց սպանված նախնիների անունները: Նրանք նաև պահել են պաստառներ, որոնցով կոչ են արել աշխարհի տարբեր երկրների կառավարություններին չժխտել Հայոց ցեղասպանությունը: «Մեզ համար կարևոր է փորձել և միավորվել:
Որքան ավելի շատ մարդ իմանա այս մասին, այդքան ավելի շատ բան կարող ենք անել մենք: Ես հավատում եմ, որ նոր սերունդը մարդու իրավունքների հարցով ամբողջությամբ այլ մտածելակերպ կունենա», ասել է Հայ ուսանողների ասոցիացիայի համանախագահ Լիզա Նաջարյանը: