Հովնան արքեպիսկոպոս.Սփյուռքի մեջ հայ մնալու գրավականը Եկեղեցուն կապված լինելն է

ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմը կազմավորվել է 1927 թ.: Աոաջնորդանիստը Բրբենկ քաղաքի Սբ․ Ղևոնդյանց Մայր Տաճարն է: Թեմի գործունեությունը տարածվում է երկրի արևմտյան նահանգների վրա: Ներթեմական կյանքի, ինչպես նաև սփյուռքահայության խնդիրների մասին www.armchurch.info-ի հետ զրուցել է ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը:

Սրբազա՛ն, նախորդ տարի Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական կոնդակով ԱՄՆ Հայոց Արևելյան թեմից առանձնացվեցին Մեքսիկայի հայ համայնքները՝ ընդգրկվելով ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի կազմում: Հայերի թիվը ողջ Մեքսիկայի տարածքում հաշվվում է շուրջ 10.000: Ինչպե՞ս է կազմակերպվում համայնքային կյանքը:

– Նախ նշեմ, որ սա մեծագույն մի հանգրվան է մեր թեմական կառույցից ներս, որի նկատմամբ արդեն լուրջ հոգածու վերաբերմունք ենք ցուցաբերում: Անցնող ամիսների ընթացքում 4 կարևոր հովվական այցելություններ ենք կատարել, մատուցվել է առաջին առաջնորդական Պատարագը (նաև առաջինը՝ վերջին հարյուր տարիների ընթացքում):

Հատկանշական է Հայոց ցեղասպանության 100-ամյակի ծիրից ներս Մեխիկո քաղաքի թանգարանում կազմակերպված ցուցահանդեսը, որն արդեն 75.ՕՕՕ-ից ավելի այցելուներ է ունեցել: Այդքան մեծ թվով ոչ հայերի այցելությունը թանգարան՝ իրազեկ դառնալու Հայոց ցեղասպանության ճշմարտությանը, արդեն իսկ շատ կարևոր է մեզ համար:

Ընդհանուր առմամբ, համայնքում արդեն մեծ աշխատանք է ծավալվում, և մայրաքաղաքից զատ հարակից քաղաքների մեջ ևս կազմակերպվում են համայնքային դրույթներ: Պատրաստվում ենք նաև մշտական հոգևոր հովվի նշանակում կատարել: Համայնքային կյանքի կազմակերպման գործում պետք է ընդգծել Մեքսիկայում ՀՀ դեսպանության աջակցությունը՝ հանձին Գրիգոր Հովհաննիսյանի:

ԱՄՆ արևմտյան ափի ողջ տարածքում ապրում են ավելի քան 1 մլն. հայեր, թեմում գործում են շուրջ 45 ծուխեր: Ինչպե՞ս է կազմակերպվում ներթեմական կյանքը:

-Թեմական կյանքում վերջին տարիների ընթացքում լուրջ աշխուժություն է արձանագրվել, ավելի քան 14 նոր կառույցներ են ձեռք բերվել՝ եկեղեցիներ, դրանց հարակից շաբաթօրյա, կիրակօրյա դպրոցներ հիմնվել: Եկեղեցաշինությունից զատ համայնքային կյանքում անհրաժեշտ առաքելություններ ևս հաստատվում են: Դրանցից մեկն Արիզոնայի Ս. Աբգար եկեղեցու կողքին տարեցների համար բնակարանային հարմարություններ ստեղծելն էր: Այժմ նրանց թիվը 70 է, Աստծո կամոք, առաջիկայում 200 տարեցներ այնտեղ պիտի կարողանան բնակություն հաստատել:

Առաջնորդարանն ունի իր ներքին վարչական բաժանմունքները: Հոգևոր ծառայության բաժանմունքն, օրինակ, զբաղվում է հոգևոր-կրթական ծրագրերով, այդ թվում՝ հրատարակությունների կազմակերպմամբ: Ի դեպ՝ թեմն այսօր ավելի քան 300 հրատարակություն ունի՝ հավատացյալների հոգևոր կարիքները հոգալու համար: Երիտասարդական, պատանիների բաժանմունքը տարեկան կտրվածքով հանձն է առնում ամառային ճամբարների կազմակերպումը: Թեմն ավելի քան 25 շաբաթօրյա վարժարան ունի, որոնք սերտորեն համագործակցում են Լոս Անջելեսի ամենօրյա վարժարանների հետ: Ընդհանուր առմամբ, առաջնորդարանի հովանու ներքո գործում են ավելի քան 10 ենթակառույցներ:

Ունենք նաև Հայասատանին վերաբերող մարդասիրական առաքելություններ՝ կարիքավոր երեխաների խնամք, օժանդակություն սիրիահայությանը և այլն:

Սրբազա՛ն, ի՞նչ խնդիրներ, մարտահրավերներ կան թեմում, և ինչպե՞ս կարելի է հայ մնալ սփյուռքում, ո՞րն է եկեղեցու դերը:

-Գլխավոր մարտահրավերն ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում աղանդավորական շարժումներն են, որոնք կարող են սպառնալ մեր ինքնությանը: Այսօրվա աշխարհում, երբ հոգևոր-բարոյական ըմբռնումները վտանգի են ենթարկվում, մեկ անգամ ևս անդրադառնում ենք, որ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին եղել և կշարունակի մնալ այն գլխավոր և միակ կռվանը, որ մեզ կարող է տալ հայ քրիստոնյայի ամբողջական նկարագիրը: Այն ամեն բան մատակարարում է իր ժողովրդի զավակներին՝ ոչ միայն հոգևոր սնունդը, այլև ազգային շունչն ու մշակույթը, կապը հայրենիքի, Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի, հայրենի ժողովրդի հետ: Այն հայն, ով հաստատուն կմնա իր հավատքի կյանքում, դժվար թե կորցնի իր ուղին դեպի հայրենիք: Ուրեմն՝ սփյուռքի մեջ հայ մնալու, չձուլվելու գրավականը Եկեղեցուն կապված լինելն է: Եկեղեցիով է պայմանավորվում հայի հավիտենականությունը:

– Ի վերջո, Դուք ինչպե՞ս եք պատկերացնում սփյուռքի ապագան:

Ես միշտ լավատես եմ: Մարտահրավերներ, դժվարություններ, բնականաբար, ամենուր միշտ կան: Բայց պետք է հիշենք, որ դրանք հաղթահարելու համար Աստված մեզ նաև տվել է բոլոր միջոցները, շնորհները, իմաստությունը: Եվ եթե հավատում ենք, որ եկեղեցին դարերից եկած, Աստծո կողմից մեզ վստահված հոգևոր ժառանգությունն է, որ նաև արժեվորված է մեր հայրերի հավատքի կյանքով, մեզ մնում է նույն ճանապարհը որդեգրել:

Հարցազրույցը՝ Մարիամ Ավետիսյանի

Scroll Up