Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքում տոնել են Հայոց բանակի 24-ամյակը

Հայկական տոնացույցի ամենակարևոր ու ամենապատասխանատու օրերից մեկն է հունվարի 28-ը: Սա տոն է, որ հաճույքով նշում են և՛ Հայաստանում, և՛ Սփյուռքում: Սա տոն է, որ հայ ժողովրդին համոզեց, որ պայքարը չի ավարտվել, և նոր հաղթանակները դեռ առջևում են:
Փետրվարի 1-ին Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքում մեծ խանդավառությամբ նշվեց Հայոց բանակի կազմավորման 24-ամյակը: Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ հայ համայնքի ղեկավար Նուբար Յաղուբյանը, ով ողջունելով հյուրերին, կարևորեց նման միջոցառումների կազմակերպումը: Ողջ երեկոյի ընթացքում հնչեցին հայրենասիրական երգեր, բանաստեղծություններ: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում է Գոհար Բաղդասարյանը Նոր Զելանդիայից:
Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը ևս կարևորեց հայոց բանակի դերն ու նշանակությունը և կոչ արեց միշտ բարձր պահել հայի ոգին: Սրբազան հայրն այնուհետև օրհնեց աղն ու հացը, որից հետո ներկաները համտեսեցին հայ տիկնանց պատրաստած համադամ կերակուրները:
Նկարները` Արմիկ Քեթենճյան-Պոննի: