Պետությունը կշարունակի օժանդակել սիրիահայերի սոցիալական, իրավական և կրթական խնդիրների լուծմանը

ՀՀ կառավարությունը 2016 թվականին ինտենսիվ աշխատանքներ կիրականացնի հայրենիք վերադարձող սփյուռքահայերի, այդ թվում՝ սիրիահայերի` հասարակության ինտեգրման գործընթացի արագացման և այդ ուղղությամբ կառուցակարգերի ներդրման ուղղությամբ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»­ը, այդ ուղղությամբ աշխատանքների իրականացումն ընդգրկված է կառավարության ընթացիկ տարվա գերակա ծրագրերի թվում:

Ըստ գործադիրի՝ տարբեր երկրներից սփյուռքահայեր շարունակում են տեղափոխվել Հայաստան, հետևաբար` մեր երկրում սփյուռքահայերի ինտեգրման տարաբնույթ ծրագրերի մշակումն ու իրականացումը հնարավորություն է տալու նրանց ինքնադրսևորման նպաստավոր պայմաններ ստեղծել: Նախատեսվում է, հաշվի առնելով Հայաստան ժամանած սփյուռքահայերի պահանջներն ու կարիքները, նրանց ինտեգրումը դյուրացնող նախորդ տարիներին ընդունված իրավական ակտերի համաձայն կազմակերպել աջակցություն, իրականացնել ծրագրեր, միջոցառումներ՝ սոցիալական, իրավական, կրթական խնդիրների լուծման նպատակով:

Ծրագրերի իրականացման արդյունքում կմշակվեն ու կիրականացվեն սփյուռքահայերի, մասնավորապես` սիրիահայերի կրթական, մշակութային ինտեգրմանը նպաստող բազմաբնույթ միջոցառումներ, անհրաժեշտ աջակցություն կցուցաբերվի սիրիահայ դպրոցականների և ուսանողների կրթական գործընթացի կազմակերպմանը, մասնավորապես, ուսման վարձավճարների փոխհատուցմանը:

Ակնկալվում է նաև խրախուսել Հայաստան տեղափոխված սփյուռքահայերի ծրագրային նախաձեռնությունները, օժանդակել Հայաստանում գործող սփյուռքահայերի հասարակական միավորումներին, սփյուռքահայերի հիմնախնդիրներով զբաղվող կառույցների առնվազն 3 միջոցառման կազմակերպմանը, լեզվական հարցերի կարգավորմանը:

Scroll Up