20-րդ դարի լավագույն տենորներից Գեղամ Գրիգորյանը 65 տարեկան է

«Իտալական թերթերից մեկը ժամանակին նրա ելույթից հետո գրել է՝ Իտալիայում հիմա այսպիսի տենոր չկա» (magaghat.am): Խոսքը Գեղամ Գրիգորյանի մասին է: 

Աշխարհահռչակ տենոր Գեղամ Գրիգորյանը ծնվել է 1951 թ-ի հունվարի 29-ին, Երևանում: Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան՝ Հայաստանի ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Սերգեյ Դանիելյանի դասարանը: Գրիգորյանն առաջին անգամ մեծ բեմում հանդես է եկել 1971թ-ին, 20 տարեկան հասակում, 1972թ-ին մենահամերգներով մեկնել է արևմտյան Բեռլին: 1975թ-ին կայացավ նրա դեբյուտը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ Էդգարի դերերգով, Դոնիցետիի «Լուչիա դի Լամերմուր» օպերայում: Դրան հետևում են Սարոն (Տիգրանյանի «Անուշ»), Տիրիթը (Չուխաջյան «Արշակ Բ»), Սայաթ Նովա (Հարությունյան «Սայաթ Նովա»), Կոմս Ալմավիվա (Ռոսսինի «Սևիլյան սափրիչ»), Ֆաուստ (Գունո «Ֆաուստ»):

1970-ականներին նա արդեն հայտնի երգիչ էր ողջ նախկին Սովետական Միությունում: 1978թ-ին մասնակցում է Միլանի «Լա Սկալա»  թատրոնի Գեղարվեստական կատարելագործման դպրոցի մրցույթին (Scuola di Perfizionamento Artistico) և ընդգրկվում այն չորս երջանիկ երգիչների կազմի մեջ, ովքեր հրավիրվում են կատարելագործվել այդ դպրոցում: Իտալիայում իր ուսումառության տարիներին նա երգեց մի շարք համերգներ: «Լա Սկալա»-ում Գեղամ Գրիգորյանը դեբյուտով հանդես եկավ Պինկերտոնի դերում (Պուչինի «Մադամ Բաթերֆլայ»): Այս ելույթից հետո նա «Լա Սկալա»-ի թատրոնի  հետ ստորագրում է պայմանագիր այնտեղ «Բորիս Գոդունով» և «Տոսկա» օպերաների կատարման համար: Ցավոք խորհրդային իշխանությունները, անհայտ պատճառներով, արգելում են մասնակցել այդ ներկայացումներին և առհասարակ թույլ չեն տալիս նրան դուրս գալ Խորհրդային Միությունից շուրջ տաս տարի:

1980թ-ին Վիրգիլիուս Նորեկան, Լիտվայի օպերային թատրոնի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը, հրավիրեց Գրիգորյանին աշխատելու Լիտվայի օպերային թատրոնում: Վիլնյուսում նա աշխատեց մեծանուն դիրիժոր Յոնաս Ալեկսայի հետ՝ երգելով «Եվգենի Օնեգին», «Դոն Կարլոս», «Բորիս Գոդունով», «Տրավիատա», «Մադամ Բաթերֆլայ», «Ռիգոլետո» և շատ այլ օպերաներում: 1989թ-ից, Վալերի Գեգիևի հրավերով, հանդես է գալիս «Մարիինյան» թատրոնում՝ որպես առաջատար մեներգիչ:

1990թ-ին Գեղամ Գրիգորյանին թույլ տրվեց դուրս գալ միջազգային ասպարեզ: Գրիգորյանի կարիերայի այս փուլը սկսվեց Ամստերդամի«Կոնցերտգեբաու»-ում (Concertgebouw) կայացած դեբյուտով: 1993թ-ինCovent Garden-ում նրա դեբյուտը կայացավ Լենսկիի դերերգով (Չայկովկի «Եվգենի Օնեգին»), իսկ 1995թ-ին Metropolitan Opera-ում՝  Հերմանի դերերգով (Չայկովսկի «Պիկովայա Դամա»):

Գրիգորյանը երգել է աշխարհի բոլոր խոշոր օպերային թատրոններում ու համերգասրահներում:
Գրիգորյանը ճանաչվել  է 20-րդ դարի լավագույն տենորներից մեկը, որի ցանկը բացում են լեգենդար Էնրիկո Կառուզոն, Բենիամինո Ջիլին, Ֆրանկո Կորելլին:

Համագործակցել է դասական երաժշտության ասպարեզի բոլոր հսկաների հետ, որոնք կերտել են 20-21-րդ դարերի դասական կատարողական արվեստի պատմությունը՝  Գյաուրով, Միրելլա Ֆրենի, Լեոնտին Պրայս, Գրեյս Բամբրի, Գենա Դիմիտրովա, Լուչիանո Պավարոտտի, Պլաչիդո Դոմինգո,  Գերգիև, Զուբին Մետա, Լուիս, Լիվայն, Բարտոլետտի, Սվետլանով, Ռիխտեր: Ռեժիսորներ՝ Գրենվիկ, Կանչալովսկի, Ձեֆիրելլի, Դել Մոնակո և շատ ուրիշներ:

Ներկայումս Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարն է:

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորել է Գեղամ Գրիգորյանին՝ ծննդյան 65-ամյակի առթիվ.

«Հարգելի պարոն Գրիգորյան, շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ: Ունենալով հրաշալի ձայնային տվյալներ եւ հիանալի տիրապետելով կատարողական մշակույթին ու բեմական արվեստին` տասնամյակներ շարունակ Դուք փայլուն կերպով ներկայացնում ու հանրայնացնում եք թե՛ հայկական, թե՛ համաշխարհային օպերային երաժշտությունը: Աշխարհի խոշոր օպերային թատրոններում ու համերգասրահներում հնչած Ձեր` 20-րդ դարի լավագույն տենորներից մեկի ձայնը, հարուստ երգացանկն ու տպավորիչ դերերգերը հանդիսատեսի համար նորովի են բացահայտել հայտնի ստեղծագործությունները` Ձեզ իրավամբ արժանացնելով համաշխարհային ճանաչման եւ օպերային արվեստը գնահատողների անկեղծ հիացմունքին: Այսօր էլ շարունակվում է Ձեր անմնացորդ նվիրումն արվեստին ու երաժշտությանը, եւ Ձեր ղեկավարությամբ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը հաջողությամբ ու ոգեւորությամբ արվեստասերներին է ներկայացնում համաշխարհային մշակույթի գանձարանը: Եւս մեկ անգամ շնորհավորելով ծննդյան հոբելյանի առթիվ` մաղթում եմ Ձեզ առողջություն, լավատեսություն եւ ստեղծագործական շարունակական վերելք»:

Աղբյուր` Panorama.am

Scroll Up