Թուրքական բանակը Սիրիայի տարածքում բետոնե պատեր է կառուցում եւ խրամատներ փորում

Թուրքիան Սիրիայի տարածք է մտցրել բանակի մեխանիզացված ստորաբաժանումներ, որոնք բետոնե պատեր են կառուցում եւ խրամատներ են փորում, ինչպես նաեւ շարունակում են աջակցել ահաբեկիչներին: Այդ մասին տեղեկացրել է ՄԱԿ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Մունզեր Մունզերը` Անվտանգության խորհրդին եւ գլխավոր քարտուղար Բան Կի-Մունին ուղղված նամակում, ըստ News.am-ի՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Դիվանագետի խոսքով, 2015-ի դեկտեմբերին թուրքական բանակի մեխանիզացված ստորաբաժանումները ներթափանցել են Սիրիայի տարածք`  «առաջանալով Դեյր-Հուսն գյուղի (Ջավադիայի շրջան), Բուսթան գյուղի (Մալիքիայի մարզ), Աբու Ռասին շրջանի    (Ռաս էլ Այնի մարզ), ինչպես նաեւ Ամանա եւ Շեյխ Մանսուր գյուղերի  (Դիրբասիայի շրջան) տարածքից դեպի հյուսիս ընկած ուղղությամբ»:

«Այնտեղ նրանք տարբեր շինարարական աշխատանքներ են իրականացրել», – գրել է Մունզերը:

Նա, մասնավորապես, տեղեկացրել է, որ Հարիմ քաղաքի տարածքում` Իդլիբի նահանգի հյուսիսում, թուրք զինվորականները «4 մետր լայնությամբ եւ 8 մետր խորությամբ խրամատներ են փորել», իսկ Ռաս էլ Այն քաղաքում եւ նրա շրջակայքում մինչեւ  6 մետր բարձրությամբ պատեր են կառուցել:

Ինչպես պնդում է դիվանագետը, թուրքական կառավարությունը  «շարունակում է տարբեր տեսակի ռազմական, նյութատեխնիկական եւ ֆինանսական աջակցություն տրամադրել սիրիացի թուրքմենների իր կողմից գործող ահաբեկչական խմբավորումներին»:

Նրա խոսքով, թուրքական բանակի եւ հետախուզության սպաները  «կանոնավոր կերպով այցելում են» թուրքմեն գրոհայինների ռազմական ճամբարներ:  Բացի այդ, Անկարան օտարերկրացի ահաբեկիչներին օգնում է ներթափանցել Սիրիայի տարածք, ինչպես նաեւ    «նրանց ապաստան եւ  բուժական օգնություն է տրամադրում Թուրքիայի տարածքում, որտեղ ահաբեկիչների նախապատրաստության ճամբարներ են ստեղծվել», հավելել է Մունզեր Մունզերը:

Scroll Up