Իրաքի վարչապետը կարևորել է հայ համայնքի դերը երկրի զարգացման գործում

Եզրափակիչ արձանագրության ստորագրությամբ հունվարի 27-ին Բաղդադում իր աշխատանքներն ավարտեց հայ իրաքյան միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը։ Արձանագրությունում ամփոփված են երկու երկրների տնտեսական և հումանիտար բնագավառներում մոտակա տարիների համագործակցության հեռանկարները։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից:
Իրաք այցելության ընթացքում հայիրաքյան միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ Արմեն Երիցյանը հունվարի 27-ին հանդիպում ունեցավ Իրաքի վարչապետ Հեյդար Աբադիի հետ: Հանդիպման ընթացքում վերջինիս են փոխանցվել ՀՀ նախագահի և վարապետի ողջույնները, ինչպես նաև Հայաստանի կառավարության աջակցությունը ահաբեկչության դեմ Իրաքի պայքարի վերաբերյալ։ Արմեն Երիցյանը հայտնել է ՀՀ իշխանությունների պատրաստակամությունը Իրաքի հետ բոլոր ոլորտներում հարաբերություններն ամրապնդելու և ընդլայնելու վերաբերյալ և ներկայացրել առկա դրական առաջընթացի բարձր տեմպերը պահպանելու անհրաժեշտությունը։
Հանդիպման ընթացքում Իրաքի վարչապետը նշել է, որ նավթի գների անկման արդյունքում կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնում նոր ոլորտներում օտարերկրյա գործընկերների հետ համագործակցության զարգացմանը` այս առումով կարևոր տեղ հատկացնելով Հայաստանին։ Վարչապետը իր քաջատեղյակությունն է ցուցադրել իրաքահայության խնդիրների վերաբերյալ և հատուկ նշել հայ համայնքի դրական դերակատարությունը երկրի զարգացման գործում։ Հեյդար Աբադին հայտարարել է, որ Իրաքի կառավարությունը ուշադրության կենտրոնում է պահում ազգային ու կրոնական փոքրամասնությունների խնդիրները և նրանց շրջանում արտագաղթը կանխելու նպատակով ձգտում է ստեղծել նպաստավոր կենսական պայմաններ։ Հանդիպման ավարտին վարչապետ Աբադին իր ջերմ ողջույններ է փոխանցել ՀՀ նախագահին լավագույն մաղթանքները հղել Հայաստանի ժողովրդին։ Նույն օրը Արմեն Երիցյանը հանդիպում է ունեցել նաև Իրաքի առևտրի նախարար Մուհամմեդ Շիա ալՍուդանիի և տրանսպորտի նախարար Բաքիր Ջաբր ալ Զուբաիդիի հետ։
Առևտրի նախարարը հրավիրել է հայկական ընկերություններին օգտվել Իրաքում ստեղծված հնարավորություններից, մասնակցել Բաղդադի միջազգային ցուցահանդեսին, ինչպես նաև մասնակցել նախարարության կողմից հայտարարվող տենդերներին։ Տրանսպորի նախարարի հետ քննարկվել են Բաղդադ-Երևան ուղղիղ չվերթի հետ կապված հարցերը, ինչպես նաև Իրանի միջոցով ցամաքային բեռնափոխադրումներ իրականացնելու խնդիրները։