Ժնեւում այսօր մեկնարկում են միջսիրիական բանակցությունները

Ժնեւում հունվարի 29-­ին մեկնարկում են Սիրիայի կառավարության եւ ընդդիմության ներկայացուցիչների բանակցությունները, որոնք կոչված են ելք գտնել արյունալի հակամարտությունից, որը շուտով կնշի տխրալի հինգերորդ տարելիցը, տեղեկացնում է «Արմենպրես»-­ը:

Հանդիպումը մեկնարկում է կատարյալ անորոշության պայմաններում, երբ հստակ չԷ, թե ովքեր են դրան մասնակցելու, ինչը, ինչպես երեւում է, առանձնապես չի զարմացնում ՄԱԿ­-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ պատվիրակ Ստաֆան դե Միստուրային:

Նա ի սկզբանե չէր խոստանում, որ բանակցությունները դյուրին են լինելու: Դրա համար էլ երկար սպասված հանդիպումը սկսվում է անուղղակի բանակցությունների միջոցով եւ սկզբնական փուլում կտեւի երկու­երեք շաբաթ, իսկ ընդհանուր առմամբ՝ առնվազն կես տարի: Բայցեւայնպես, դե Միստուրան խոստացել է Սիրիայի ժողովրդին, որ այս բանակցությունները չեն ավարտվի նույնպիսի ձախողմամբ, ինչ եւ 2012 թվականի «Ժնեւ­1»­ը եւ 2014 թվականի «Ժնեւ­2»­ը:

Չնայած այն բանին, որ դե Միստուրան բանակցությունների հնարավոր մասնակիցներին հրավիրագրեր էր ուղարկել տակավին հունվարի 22­-ին, մինչ այժմ պարզ չէ, թե հունվարի 29-­ին ովքեր են գալու Ժնեւ եւ, եթե ընդհանրապես գալու են, ապա՝ որ փուլում: Այսպես, մինչ այժմ պահպանվում է ինտրիգը Էր Ռիադի կողմից աջակցվող Բանակցությունների գծով բարձրագույն կոմիտեի մասնակցության կապակցությամբ, որի անդամներն առայժմ չեն որոշել՝ ժամանել Շվեյցարիա, թե ոչ:

Նրանք արդեն մի քանի օր է՝ նիստեր են գումարում Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում եւ փորձում են լուծել այդ հարցը: Չնայած հանդիպմանն առանց նախապայմանների մասնակցելու ինչպես ՄԱԿ-­ի, այնպես էլ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների կոչերին, նրանք համաձայն չեն ժամանել բանակցություններին, քանի դեռ չեն կատարվել ՄԱԿ­-ի ԱԽ-­ի անցյալ տարվա դեկտեմբերին ընդունած 2254 բանաձեւի դրույթները:

Ինչպես հայտնի է դարձել ՏԱՍՍ-­ին, հրավերներ են ստացել նաեւ այսպես կոչված չափավոր ընդդիմության ներկայացուցիչները, որոնք բանակցություններին մասնակցելու են որպես առանձին պատվիրակություն: Այսպես, Ժնեւում սպասում են Սիրիայի Հանուն վերափոխումների եւ ազատագրման ժողովրդական ճակատի ղեկավարության ներկայացուցիչ եւ երկրի նախկին վարչապետ Կադրի Ջամիլին, ինչպես նաեւ ընդդիմադիր Սիրիայի դեմոկրատական խորհրդի համանախագահ Հայսամ Մանաային:

Հրավեր է ուղարկվել նաեւ Սիրիայի կառավարությանը: Պաշտոնական Դամասկոսի պատվիրակությունը, ինչպես սպասվում է, կգլխավորի արտաքին գործերի նախարար Վալիդ Մուալեմը:

Scroll Up