Ախալքալաքի երիտասարդական կենտրոնում նշվեց Հայոց բանակի 24-րդ տարեդարձը

Հունվարի 28-ը մեր իրականության ամենապայծառ օրերից մեկն է, քանի որ այսօր հայ զինվորի և Հայոց բանակի օրն է: Մենք` հայերս, երկար ենք երազել պետությունը պաշտպանող բանակի մասին: Այսօր դա այլևս երազանք չէ: 1990-ի անկախության հռչակագիրը, որով ազդարարվեց Հայաստանի փաստացի անկախությունը, նոր հեռանկարներ բացեց Ազգային բանակի ստեղծման հարցում:

1992 թվականի հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության Նախարարության մասին» արդեն պատմական դարձած որոշումը`դրանով իսկ ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը:

Հայրենի հողի կանչով Հայաստան վերադարձան հարյուրավոր հայազգի սպաներ, ովքեր մինչ այդ ծառայում էին Խորհրդային բանակի տարբեր զինամիավորումներում:

Հայ ժողովրդի ազգային պայքարում մեծ էր նաև Ջավախքի մասնակցությունը: Հարյուրավոր Ջավախքցիներ զոհվեցին Արցախի այսօրվա անկախության համար, որոնց անմահ անունն ու սխրանքը ոսկե տառերով է գրվելու մեր գալիք պատմության էջերում, և այսօր ԱԵԿ-ի սաները անդրադարձան նրանցից 3-ին` Արթուր Ղարիբյանին, Միսակ Ադամյանին և Հեղինե Բդոյանին: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է akhaltskha.net կայք-էջից:

Կենտրոնի սաները խմբերի բաժանված շատ գեղեցիկ ձևով ներկայացրեցին նրանց կյանքն ու սխրագործությունները և կատարեցին հայենասիրական երգեր:

Այսօր մեր բանակը դարձավ 24 տարեկան, սա բոլորիս տոնն է: Այն լավ առիթ է գիտակցելու, որ եթե յուրաքանչյուրս զորակցենք Հայոց բանակին, այն էլ ավելի կամրանա:

Scroll Up