Արցախի ազգային վիճակախաղի անցկացման շնորհիվ 201 կին աշխատանք ունի

Արցախի ազգային վիճակախաղի Երևանի գրասենյակը հունվարի 27-ին Երևանի պետական համալսարանում կազմակերպել էր վիճակախաղի շահումների հանձման արարողություն: Ազգային վիճակախաղի 2015 թ. արդյունքներով Հայաստանում խաղարկությանը մասնակցել է 50 հազար տոմս, որից երկու հարյուրը գտել են իրենց շահողներին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Արցախի ազգային վիճակախաղի Երևանի գրասենյակի տնօրեն Ազատուհի Սիմոնյանը: «Արդեն 3րդ օրն է , որ Երևանում կատարվում է շահումների բաշխումը և այն կրում է շարունակական բնույթ: Քանի որ ԵՊՀ ն մեր մշտական գործընկերներից է և վիճակախաղի մեկնարկից մինչև օրս մեզ աջակցել է, այդ պատճառով էլ այստեղ է կատարվում վիճակախաղի մրցանակների հանձման արարողությունը: ԵՊՀն գնելով տոմսեր նվիրել է ուսանողներին, նրանցից 10-ն էլ վիճակահանության արդյունքներով շահել են մրցանակներ», ասաց Սիմոնյանը՝ հավելելով, որ շահումային ֆոնդում ներառված են «Արտադրված է Արցախում» տարբերանիշը կրող շահումներ` արցախյան ավանդական գորգեր, թթի օղի տակառիկով և հուշանվերներ:
ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը նշեց, որ վիճակախաղի թողարկման առաջին տարում կարծիք կար, որ Հայաստանում և Արցախում պետական վիճակախաղի ընկալման խնդիր կառաջանա, բայց այսօր մեր հասարակությունը գիտի, թե ինչ է նշանակում պետական վիճակախաղ: «Վիճակախաղն այն հեշտ փող աշխատելու միջոցն է, որը պետությունը պարտավոր է պահել, որպես իր սեփականություն: Ազգային վիճակախաղի անցկացման առաջին հիմնական նպատակը, որը մենք որդեգրել էինք, այն էր, որ վիճակախաղի ռեսուրսներն ուղղորդեինք աշխատատեղերի ստեղծմանը, այն էլ կանանց համար», ասաց փոխվարչապետն՝ ընդգգծելով, որ Արցախի ազգային վիճակախաղի անցկացման շնորհիվ այսօր Արցախում միայն 201 կին ամբողջ տարին գորգ է գործում վիճակախաղի պատվերը կատարելու համար:
Վիճակախաղի անցկացման հաջորդ նպատակն, ըստ փոխվարչապետի, ազգային վիճակախաղի անցկացման ռազմավարական ծրագրերի իրագործումն էր: Այս տարիների ընթացքում թիվ մեկ նպատակը վերաբնակեցման ծրագիրն է: Ծրագրի հիմքում էլ Իշխանաձոր համայնքի վերաբնակեցումն է: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն ասաց, որ ԵՊՀ-ում վիճակահանության իրականացման համար մի քանի ուղղություններով են աշխատանքներ տարվել: Դրանցից առաջինը ԵՊՀ ուսանողներին և աշխատակիցներին Արցախ այցելելու հնարավորությունն էր:
«Մեր առանձին աշխատակիցներն առանձին աշխատանքներ են տանում նաև Իշխանաձոր համայնքում՝ դպրոցների, երիտասարդության հետ, ճիշտ է փոքր, բայց, իմ կարծիքով, կարևոր ծրագրեր: Հաջորդ հանգամանքն այն է, որ ԵՊՀն պատրաստակամ է նաև իր ուժերի ներածին չափով ներդրումներ անել այլ ծրագրերի զարգացման ու նոր աշխատատեղերի ստեղծման համար: Մենք մեր գործով գիտակցում ենք, որ օգուտ ենք բերելու ընդհանուր գործին», նշեց ռեկտորը:
Արցախի ազգային վիճակախաղը հիմնադրվել է 2014 թ. ԼՂՀ կառավարության կողմից: Վիճակախաղի նպատակն է կանանց համար աշխատատեղերի ապահովումը, «Արտադրված է Հայաստանում» տարբերանշանով արտադրատեսակների զարգացումն ու տարածումը, ինչպես նաև Արցախում վերաբնակեցման քաղաքականությանն աջակցելը: