24 տարի առաջ՝ այս օրը, ազատագրվել է Ստեփանակերտի արվարձան Կրկժանը

Այսօր՝ հունվարի 20-ին, լրանում է Կրկժանի ազատագրման 24-րդ տարեդարձը:
Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղյան ստորաբաժանումները ձեռնամուխ են եղել ռազմական հենակետի ոչնչացման օպերացիային և ընդամենը հաշված ժամերի ընթացքում, թշնամուն դուրս մղել իրենց զբաղեցրած դիրքից:
Կրկժանի թաղապետ, ազատամարտիկ Վլադիմիր Մուսայելյանը «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ ադրբեջանցիները թվաքանակով գերազանցում էին հայ ազատամարտիկներին:
«Այդ հրաշունչ օրերին մեր տունն ու օջախն էինք ազատագրում ու պաշտպանում, որովհետև, մենք գնալու ուրիշ տեղ չունեինք, իսկ ադրբեջանցիներն, որ էությամբ գող ու վախկոտ են, ամեն գնով ուզում էին տիրանալ մեր հայրեինի հողին: Ազերիները թաղամասում արդեն հասցրել էին շուրջ 18 տուն հրդեհել ու թալանել: Այդ տները մենք հետագայում վերանորոգել և շենացրել ենք»,-ասել է Վ. Մուսայելյանը և ընդգծել,-մեր հայրենի օջախները պաշտպանելու նպատակն է, որ մեզ ուժ ու կորով է տվել, մղել անձնազոհության»:
Ազատամարտիկի խոսքով՝ կրկժանցիները մասնակցել են նաև այլ մարտական գործողություննրի, պատահական չէ , որ Արցախյան գոյապայքարի ընթացքում պայքարի ընթացքում Կրկժան թաղամասը տվել է շուրջ 20 զոհ:
«Կրկժանի ազատագրման 24-րդ տարեդարձի կապակցությամբ իրականացել է մեր երազանքը. թաղամասում Արցախյան ազատամարտում զոհվածների հիշատակին նվիրված հուշակոթող է կանգնեցվել»,- գոհունակությամբ նշել է Վ. Մուսայելյանը:
Նշենք, որ 1991 թվականի Կրկժանն Ադրբեջանի կողմից վերածվել էր կրակակետի, որտեղից պարբերաբար գնդակոծվում էր Ստեփանակերտը: Կրկժանի կրակակետերի ճնշման գործողությունը սկսվեց 1991թվականի դեկտեմբերի 26-ին: Արվարձանն ազատագրվեց 1992 թվականի հունվարի 20-ին: Ռազմական մասնագետները այդ գործողությունը համարում են ԼՂՀ Պաշտպանության բանակի ամենամեծ հաջողություններից մեկը: