Այս տարի Երեւանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված նոր պուրակ կկառուցվի

Երեւանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված նոր պուրակ կկառուցվի: Այս մասին նշվել է այսօր՝ հունվարի 18-ին, Երեւանի քաղաքապետարանում կայացած հերթական խորհրդակցության ժամանակ:

Ըստ Քաղաքապետարանի մամուլի ծառայության` Տարոն Մարգարյանը՝ հաշվի առնելով, որ 2018 թվականին նշվելու է մայրաքաղաքի հիմնադրման 2800 ամյակը, Երեւանի գլխավոր ճարտարապետին եւ տոնակատարության կազմակերպչական աշխատանքային խմբին հանձնարարել է սկսել աշխատանքներն ու այդ համատեսքտում ներկայացնել առաջարկներ: Քաղաքապետը, մասնավորապես, անդրադարձել է տոնակատարությանն ընդառաջ նոր պուրակի ձեւավորմանը, որը կկրի հոբելյանական տարվա անունը:

«Բոլորը գիտեն, որ մայրաքաղաքում մենք ունենք Էրեբունի-Երեւանի 2750-ամյակի պուրակ: Ու տրամաբանական է, որ այն ունենա շարունակություն: Արդեն իսկ կա առաջարկ, որ տվյալ պուրակի շարունակությունը հանդիսացող Շահումյանի եւ Մյասնիկյանի արձանների միջնամասում գտնվող պուրակը վերակառուցվի եւ համապատասխան շատրվանային համալիրով դառնա Երեւանի 2800-ամյակին նվիրված պուրակ: Եվ, ընդհանրապես, այսուհետ, մինչ հոբելյանական տոնակատարությունը, խոշոր քաղաքաշինական մեր բոլոր  ծրագրերը, որոնք կյանքի կկոչենք մինչեւ 2018 թվականը, պետք է նվիրենք մեր  մայրաքաղաքի 2800-ամյակին»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Խորհրդակցության ընթացքում նաեւ զեկուցվել է, որ Հայոց բանակի եւ Սուրբ Սարգսի տոների առթիվ մայրաքաղաքում կկազմակերպվեն մի շարք միջոցառումներ: Տոներին  համահունչ,   միջոցառումներ կանցկացվեն քաղաքապետարանի ենթակայության կրթական եւ մշակութային հաստատություններում:

Scroll Up