«Վամպիրի օրագրերը» սերիալի հայազգի աստղը և նրա ընտանիքը նվիրված են հայկական ինքնությանը

Հայազգի դերասան Րաֆֆի Բարսումյանին հանրահայտ «Վամպիրի օրագրերը» հեռուստասերիալի երկրպագուները նկատեցին հինգերորդ եթերաշրջանում: Մեծ հաջողություն վայելող շոուն Հայաստանում էլ երկրպագուների պակաս չունի, հետևաբար սերիալում հայազգի դերասանի հայտնվելը հետաքրքրություն առաջացրեց նաև մեր երկրում: 2009 թվականից եթեր հեռարձակվող շոուում Րաֆֆի Բարսումյանը մարմնավորեց Մարկոսին, ով թափառականների առաջնորդն էր և եթերաշրջանի բացասական կերպարներից: «Արմենպրես»-ը Րաֆֆի Բարսումյանի հետ զրուցում է հայկական արմատների, «Վամպիրի օրագրեր»ի, Հայոց ցեղասպանության և այլ հարցերի շուրջ:
Րաֆֆի Բարսումյանը`ԱՄՆում ապրելու մասին
Իմ ընտանիքը լքեց Բեյրութը, որովհետև քաղաքացիական պատերազմը 1980ականների կեսերին նրա համար շատ վտանգավոր էր դարձել: Ես իմ ծնողների երրորդ զավակն եմ, և երբ մեկ տարեկան էի, նրանք սպասում էին չորրորդին: Հայրիկիս ազգականները արդեն լքել էին Բեյրութը բախման պատճառով և նախորդող տարիներին հաստատվել էին Լոս Անջելեսում: Այդպիսով թվում էր, թե դա լավագույն տեղն էր գնալու համար: Մենք ժամանեցինք Լոս Անջելես, երբ ես հազիվ մեկուկես տարեկան էի: Ես մեծացա ԱՄՆում: Ցավոք, երբեք չեմ զգացել Բեյրութը որպես տուն, սակայն կցանկանայի մի օր այցելել այնտեղ:
Հայկական սովորույթներ պահպանելը և հայերեն իմանալը
Իմ ծնողներն ամբողջ հոգով նվիրված են մեր հայկական ինքնությանը: Մենք մեծացել ենք տանը միայն հայերեն խոսելով: Դա շատ խիստ կանոն էր, որը մեր ծնողները ստիպում էին մեզ պահպանել: Այն չնայած այդ ժամանակ զայրացնող էր, բայց այսօր իսկական նվեր է: Ես կարող եմ խոսել արևմտահայերեն՝ չնայած իմ կարդալն ու գրավոր խոսքն այդքան էլ զարգացած չեն, ինչքան կցանկանայի:
Ինչ վերաբերում է սովորույթներին, իմ ծնողները Գլենդելում,Կալիֆորնիայում հիմնադրել են Lark Musical Society երաժշտական դպրոցը և հայկական մշակութային կազմակերպությունը: Ես մեծացել եմ բազմաթիվ այլ հայ երեխաների հետ` Հայաստանից, Բեյրութից, Իրանից, Սիրիայից և Թուրքիայից և այլն, և մենք բոլորս սովորում էինք մեր ժողովրդական ավանդույթների և երաժշտության մասին: Դա հրաշալի միջոց էր պահպանել մեր ժառանգությունը՝ ապրելով սփյուռքում: Իմ հարազատ քույրն ու եղբայրը և ես շարունակում ենք ներգրավված լինել Lark-ում և նրա շուրջը հավաքված համայնքում:
2005-ին`առաջին անգամ Հայաստանում
Ես 2005 թվականին ընտանիքիս հետ Հայաստանում անցկացրել եմ երկու հրաշալի շաբաթ: Մենք միասին հնարավորություն ունեցանք բացահայտելու երկիրը: Մենք շրջել ենք, հիմնականում այցելել հին եկեղեցիները, հայտնի արվեստագետների տուն թանգարանները, ժամանակ անցկացրել մեր ընտանիքի ընկերների հետ: Շատ հուզիչ փորձ էր: Ես հատկապես հիշում եմ այցելությունը Գյումրիի մանկատուն, Գառնիի զարմանալի տաճարը և կանաչ Դիլիջանում թաքնված արվեստագետների տնակները: Հայաստան այցելելու ծրագրեր Այդ ծրագրերը միշտ իմ մտքում են: Հույս ունեմ վերադառնալ ավելի հաճախ:
Հայոց ցեղասպանություն և ընտանեկան պատմություններ
Իմ մորական տատիկը որբ է եղել, և իմ պապիկը մեծացել է որբանոցում: Սրանք Ցեղասպանության ուղղակի հետևանքներն էին: Ինչպես մեզնից շատերը, որոնք ապրում են սփյուռքում, մեծացել են ապրիլի 24-ի մասին շատ պատմություններով: Մենք ընդունում ենք, որ սա այն պատճառներից մեկն է, որ մենք այսքան ցրված ենք ամբողջ աշխարհում: Ես ինձ երջանիկ եմ զգում, որ տանը մեզ պատմել են այս պատմությունները, սովորեցրել են մեր պատմոթյունը ոչ թե նրա համար, որ մենք զայրույթ կամ վրեժ լուծելու ցանկություն պահպանենք, այլ ցույց տանք, թե ինչքան թանկարժեք և փխրուն է մեր մշակույթը և ոգևորվենք` այն պահպանելու և ավելացնելու ուղիներ գտնելու:
Սերը և դերասանությունը
Ես սիրեցի դերասանությունը բավականին շուտ` 8 տարեկանում: Ես սիրում էի դիտել ֆիլմեր և ցանկանում էի լինել պատմություն պատմող այդ աշխարհի մի մասը: Ես սկսեցի հաճախել դրամայի դասերի իմ պատանի տարիքում և երեխա ժամանակվանից Լոս Անջելեսում սկսեցի մասնակցել լսումների: Բայց քոլեջում ամեն ինչ լրջացավ, և ես հնարավորություն ստացա սովորել կինոծրագրեր: Առաջին դերերս խաղացել եմ ընտանեկան ֆիլմերում Ես լիամետրաժ ֆիլմում խաղալու հնարավորություն դեռ չեմ ունեցել: Սակայն նկարել եմ մի շարք կարճամետրաժ և ուսանողական ֆիլմեր: Անհամբերությամբ սպասում եմ լիամետրաժ ֆիլմի նկարահանումների մասնակցելուն: Իմ առաջին դերերը խաղացել եմ ընտանեկան ֆիլմերում, որոնք նկարել ենք ես ու եղբայրներս դպրոցական նախագծերի համար:
«Վամպիրի օրագրերը» և Մարկոսի դերը
«Վամպիրի օրագրեր»ում խաղալը ինձ համար մեծ հաճույք էր: Լոս Անջելեսում լսումներին մասնակցելուց հետո ինձ առաջարկեցին Մարկոսի դերը: Անձնակազմն աններևակայելի ջերմ էր: Հինգ սեզոնից հետո անձնակազմն աշխատում էր միասին ինչպես մեկ ամբողջություն, և ակնհայտ էր, որ նրանք մեծ, սիրող ընտանիք են: Ես շատ ուրախ էի լինել հյուր նրանց մեջ այն կարճ ժամանակով, որ աշխատեցի այնտեղ: Ինձ համար հատկապես հետաքրքիր էր դիտել, թե ինչպես են ուրիշ դերասաններն աշխատում, սովորել նրանց փորձից և այդ հեռուստատեսային ժանրի մասնագետներից:
Ես սիրեցի Մարկոսին
Ինձ համար նա մի տեսակ թափառող մարգարե է` հրամայող և վստահ, բայց ցնցված նրանով, որ ունի աշխարհի բացարձակ տեսլականը: Նաև փորձում էր սպանել բոլորի սիրելի հերոսներին, այդպիսիով նա սկզբից ևեթ դատապարտված էր: Նոր տարի`նոր սպասելիքներ Մինչև տոները ես ավարտեցի խաղալ մի պիեսում, որը կոչվում էր «Թաջի պահապանները» (Guards At The Taj) և որի հեղինակն էր Ռաջիվ Ջոսեֆը: Այն Լոս Անջելեսի The Geffen Theaterում խաղացվեց մի քանի շաբաթ: Դա բանաստեղծական հուզիչ գրվածք էր, որի բեմականացման մասնակիցը լինելն ինձ համար հաճելի էր: Հիմա նոր տարին առջևում է, տեսնենք, թե ինչ կստացվի…
Հարցազրույցը` Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները` Րաֆֆի Բարսումյանի պաշտոնական կայքից