Ազգային արխիվը կհրապարակի փաստաթղթեր Թուրքիայի հայկական վանքերի կալվածքների մասին

Հայաստանի Ազգային արխիվը նախատեսում է հրապարակել Թուրքիայի հայկական վանքերի կալվածքների մասին փաստաթղթեր: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին տեղեկացրեց Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:
«Այսօր շատ է խոսվում Թուրքիայի հայկական եկեղեցիների կալվածքի մասին: Գիտենք, որ Սիսի կաթողիկոսարանը կալվածքները վերադարձնելու նպատակով դատական գործընթացի մեջ է: 2016 թվականին կհրապարակվի գիրք, որտեղ կներկայացվեն Թուրքիայում առկա բոլոր վանքերի կալվածքների մասին տեղեկատվություն: Դա բավական արժեքավոր տեղեկատվություն է: Մենք ներկայացնելու ենք հենց թուրքական իշխանությունների կողմից տրված փաստաթղթերը` օսմաներենով գրված»,-ասաց Ամատունի Վիրաբյանը: Այդ գիրքը լինելու է հայերեն և օսմաներեն:
Ամատունի Վիրաբյանը տեղեկացրեց, որ ակտիվորեն աշխատում ու համագործակցոմ են այլ երկրների Ազգային արխիվների հետ: Աշխատում են Իտալիայի, Ֆրանսիայի, Իրանի, Վրաստանի, Ռուսաստանի, Սերբիայի, Լեհաստանի և այլ երկրների Ազգային արխիվների հետ: Ռուսաստանի հետ համագործակցության արդյունքում ընթացիկ տարում կհրատարակվի «Կովկասյան ռազմաճակատ. 1914- 1918 թթ» ժողովածուն, որը ներառելու է տարածաշրջանի բնակչության, Հայոց ցեղասպանության մասին նյութեր: Գրքում տեղ են գտնելու ռազմական հետազախուզության նյութերը, որոնք պատմելու են թուրքական իշխանությունների գործողությունների մասին, թե ինչպես են հայերին արտաքսել, ոչնչացրել, ճանապարհերին հայերի վրա հարձակումներ կազմակերպել: