ՀՀ սփյուռքի նախարարի շնորհավորական խոսքը Կամչատկայի հայ համայնքի ղեկավար Արթուր Խաչատրյանին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/12/Artur-Khachatryan.jpg)
Հարգելի΄ պարոն Խաչատրյան,
սիրելի΄ հայրենակիցներ, հարգարժա΄ն հյուրեր
Ողջունում եմ Ձեզ Տարեմուտի գեղեցիկ միջոցառման առթիվ:
Ուրախալի է, որ, բնակվելով Հայրենիքից հեռու, դուք կարողացել եք համախմբվել համայնքային կառույցի շուրջ, որպեսզի միասնաբար դիմակայեք արդի մարտահրավերներին, պահպանեք ազգային ինքնությունը:
Հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունն ունի խորը արմատներ, և ամենուրեք Ռուսական իշխանությունների բարյացակամ վերաբերմունքի` հայկական համայնքը պահպանում է իր լեզուն ու մշակույթը, հավատարիմ մնում իր արմատներին: Հազարամյակների պատմություն ունեցող մեր ժողովուրդը չի անհետացել պատմության քառուղիներում շնորհիվ իր լեզվի, մշակույթի ու հավատքի: Հուսով ենք, որ դուք իրականացնում եք ազգապահպան բազում ծրագրեր, և համոզված եղեք, որ ՀՀ սփյուռքի նախարարությունը պատրաստ է սատար կանգնելու հայապահպանությանն ուղղված Ձեր բոլոր ձեռնարկներին:
Ինչպես աշխարհի տարբեր քաղաքներում, այնպես էլ Պետրոպավլովսկ Կամչատսկում Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները փաստեցին, որ միասնական է վերածնված հայի ոգին, ստեղծագործ է նրա միտքը, և ամրակուռ՝ նրա կամքը:
2016 թվականին ազգովին տոնելու ենք երկու հայկական պետությունների 25-ամյա տարեդարձները՝ լուսավոր ապագային միտված տեսլականով: Մեր համատեղ աշխատանքով նպաստենք 25-ամյա անկախ Հայրենիքի հզորացմանը, Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդմանը և Հայ դատի արդարացի լուծմանը:
Օգտվելով առիթից` շնորհավորում եմ Ձեզ և Կամչատկայի հայ համայնքի մեր բոլոր հայրենակիցներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ և մաղթում, որ 2016 թվականը լինի համախմբվածության, խաղաղության, կայունության ու նոր ձեռքբերումների տարի:
Մաղթում եմ Ձեզ ուժ, եռանդ և կորով` իրականացնելու Ձեր դժվարին, բայց պատվաբեր ու նվիրական առաքելությունը:
Եվ Նոր տարվա առիթով այդ հեռավոր տարածք գործուղել ենք մեր հանրապետության վաստակաշատ երգչուհիներին, որպեսզի գեղեցիկ և անկրկնելի համերգով ձեր տոնը հիշարժան դարձնեն:
Թող Աստծո աջը հովանի լինի ձեզ:
ՍԻՐՈՎ ԵՎ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲԱՐԵՄԱՂԹԱՆՔՆԵՐՈՎ՝
ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ